Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն
Լուրեր |
2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորաստեղծ իշխանությունը, որը խոստանում էր անփոփոխ թողնել ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումը, ի սկզբանե տարօրինակ քաղաքականություն որդեգրեց Չինաստանի նկատմամբ։ Թեև տրամաբանորեն կարելի էր ակնկալել, որ Չինաստանի հետ հարաբերությունների խորացումը և այդ հարցում նախաձեռնողականությունը նորահայտ իշխանությանը թույլ կտար հավատարիմ մնալ արտաքին քաղաքական վեկտորը չփոփոխելու իր խոստմանը՝ միաժամանակ աստիճանաբար թուլացնելով ռազմավարական կախվածությունը ՌԴ-ից։ Հայաստանի «հեղափոխական» կառավարությունը ոչ միայն չպահպանեց ՉԺՀ հետ հարաբերությունների զարգացման այն տեմպը, որը երկկողմ շփումներին հաղորդել էր նախորդ իշխանությունը դեռ 2016-2017թթ., այլև տարատեսակ արհեստական խոչընդոտներ ստեղծեց Չինաստանի հետ հարաբերություններում։
Սա վերաբերում է նաև ՉԺՀ ամենախոշոր միջազգային նախաձեռնության՝ «Գոտի և ճանապարհ» նախագծի նկատմամբ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը կամ դրա բացակայությանը։ Ի սկզբանե չինական մեգանախագծի նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությունը գործող իշխանությունները բացատրում էին նրանով, թե իբր իրենց արտաքին քաղաքական ռազմավարությունը ձևավորման փուլում է, իսկ Հայաստանը դեռևս չինական «Գոտի և ճանապարհ» նախագծի նկատմամբ իր գերակայությունները չի մշակել։ Այսպես, 2019-ին նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության և առհասարակ Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ անհամարժեք քաղաքականությունը բացատրեց նրանով, թե «Հայաստանը դեռևս փորձում էր ադապտացնել իր գերակայությունները այդ (չինական նախաձեռնության շուրջ) զարգացումներին»։ Եթե այս տարօրինակ ձևակերպումը դեռ ինչ-որ կերպ կարելի էր ընկալել 2019-ին՝ չինական նախաձեռնությունից 6 տարի անց, ապա այժմ, երբ լրացել է նախաձեռնության տասնամյակը, իսկ ՀՀ գործող իշխանությունը պաշտոնավարում է ավելի քան 5 տարի, չինական ծրագրի նկատմամբ հստակ քաղաքականության բացակայությունը խոսում է միայն գործող իշխանությունների կողմից վերջինիս կարևորության թերագնահատման մասին։
Կարևոր է հիշել, որ երբ 2019-ին Չինաստանում անցկացվում էր «Գոտի և ճանապարհ» 2-րդ գագաթնաժողովը, որին մեր տարածաշրջանից մասնակցում էր Ադրբեջանի նախագահը, իսկ Վրաստանը ներկայացված էր փոխվարչապետի մակարդակով, Հայաստանը ներկայացված էր ընդամենը բնապահպանության նախարարի մակարդակով, իսկ ՀՀ վարչապետը նույն ժամանակահատվածում Երևանում մասնակցում էր այսպես կոչված «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներին։ Ըստ էության, Չինաստանի և վերջինիս տրանսպորտային մեգանախագծի նկատմամբ ՀՀ գործող իշխանությունների անլուրջ վերաբերմունքը պահպանվեց նաև հաջորդ տարիներին։ 2023թ. հոկտեմբերին անցկացված «Գոտի և ճանապարհ» 3-րդ համաժողովին Հայաստանը ներկայացված էր էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով, մինչդեռ Ադրբեջանից մասնակցում էր էներգետիկայի նախարարը։
2019-ի մայիսի 14-16-ը Փաշինյանը «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով առաջին և դեռևս վերջին անգամ այցելեց Չինաստան, որին հաջորդեցին մի շարք բարձրագոչ խոստումներ և հայտարարություններ։ Մասնավորապես, ՀՀ իշխանությունները խոսում էին Հայաստանում Չինաստանի կողմից ֆուտբոլային մարզադաշտ և բազալտի վերամշակման գործարան կառուցելու պայմանավորվածության մասին, որոնք այդպես էլ չիրագործվեցին: Վարչապետի այցին հաջորդած թերևս միակ կարևոր իրադարձությունը կողմերի պայմանավորվածությունն էր՝ մուտքի արտոնագրերը երկու երկրների քաղաքացիների փոխայցերի ժամանակ չեղարկելու մասին, ինչը, սակայն, չհանգեցրեց դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների ներհոսքի էական ավելացման։
Ինչևէ, անկախ ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից՝ Չինաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ պահպանվում է։ Այս երկիրը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի տրանսպորտային ապաշրջափակման հարցում, սակայն նման արդյունքի հասնելու համար Երևանը պետք է ՉԺՀ և վերջինիս նախաձեռնած միջազգային նախագծերի նկատմամբ զգուշավոր և լավ մշակված քաղաքականություն ունենա։
Ինչպես արդեն նշվեց, Հարավային Կովկասի մեծ տարածաշրջանի մեր հարևաններից Իրանը, Ռուսաստանն ու Վրաստանը Չինաստանի հետ հարաբերությունները հասցրել են ռազմավարական մակարդակի։ Ընդ որում, Վրաստանի օրինակը հուշում է, որ Արևմուտքի հետ բավական խոր և բազմաշերտ կապերը ամենևին չեն խոչընդոտում նմանօրինակ հարաբերություններ կառուցել նաև հակադիր աշխարհաքաղաքական բևեռի՝ Պեկինի հետ, եթե տվյալ պետության արտաքին քաղաքականության հենքում ընկած է պրագմատիզմն ու ռացիոնալ վարքագիծը։ Հայաստանի կենսական շահերից է բխում ՉԺՀ հետ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի, այդպիսով ընդգծելով Հարավային Կովկասում Չինաստանի ռազմավարական գործընկերների որոշակի առանցքը՝ Իրան-Հայաստան- Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ։
«Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման համար առկա են բոլոր տնտեսական նախադրյալները։ 2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի շրջանառությունը հասել է շուրջ 1,75 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 11,3%-ը։ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ՉԺՀ առևտրի ծավալները 2023թ. հունվար- նոյեմբերին հասել են շուրջ 218 մլրդ դոլարի, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ Պեկինի հետ առևտրային հարաբերություններն առավել խորացնելու համար։ Մյուս կողմից՝ Իրանի և ԵԱՏՄ միջև վերջերս ստորագրված ազատ առևտրի պայմանագիրը թույլ է տալիս ամբողջացնել տարածաշրջանում առևտրային կապերի շղթան, որի շարժիչ ուժը օբյեկտիվորեն հենված է ՉԺՀ տնտեսության հաջողությունների վրա։ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեկնարկից ի վեր Չինաստանը միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մեծ փորձ է կուտակել, ուստի Հարավային Կովկասի ու հարակից երկրների հետ ՉԺՀ առևտրի շեշտակի աճը կարող է խրախուսել, որպեսզի Պեկինն ավելի ակտիվորեն ներգրավվի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։
Ինչպես նշվեց, Պեկինի համար կարևոր է այլընտրանքային ուղիների առկայությունը, որոնք կախված չեն ՆԱՏՕ-ի կամ վերջինիս հարող երկրների քաղաքական դիրքորոշումից, ուստի Հայաստանը պետք է Չինաստանի հետ ակտիվորեն աշխատի՝ փորձելով ի ցույց դնել այսպես կոչված «Միջին միջանցքի» մասով թուրքական ծրագրի աշխարհաքաղաքական ռիսկերը, միաժամանակ առաջարկելով խելամիտ այլընտրանք՝ ի դեմս Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ միջանցքի։ Միաժամանակ, զգալի դիվանագիտական ջանքեր են պահանջվում «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված թուրք-ադրբեջանական քարոզչությունը Պեկինում անընդունելի դարձնելու ուղղությամբ։
Առհասարակ, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկից»՝ այն ներկայացնելով իբրև տարածաշրջանային շրջափակումը հաղթահարելու և միջազգային առևտրային մայրուղիներին, այդ թվում՝ «Գոտի և ճանապարհ» ծրագրին ինտեգրվելու իրատեսական հնարավորություն։ Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2023թ. հոկտեմբերին Թբիլիսիում Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների հետ միասին մասնակցելով «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, իր ելույթում վստահեցնում էր, որ «Խաղաղության խաչմերուկը» լիարժեք կերպով ներգրավվում է Մետաքսի ճանապարհի տրամաբանության մեջ»։ Թեև քողարկված, սակայն այդ «Խաղաղության խաչմերուկը» ներառում է նաև Ադրբեջանի կողմից խրախուսվող «Զանգեզուրի միջանցքը», որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն այն թաքցնել ՀՀ ինքնիշխանության սկզբունքի ներքո։ Հայաստանի համար ավելի տրամաբանական է «Խաղաղության խաչմերուկի» փոխարեն առաջ մղել Իրանը Հայաստանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանին և Եվրոպային կապող Հյուսիս-հարավ ծրագիրը՝ պայմանական «Կայունության ճանապարհ» անվամբ, որում շահագրգռված կլինի ոչ միայն Չինաստանը, այլև Հնդկաստանը, Ռուսաստանն ու նույնիսկ ԵՄ-ը։
Չինական «Գոտի և ճանապարհ» ծրագրի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար ՀՀ իշխանությունները պետք է վերանայեն վերջին տարիներին Չինաստանի ուղղությամբ որդեգրած արտաքին քաղաքական ուղեգիծը և ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն Պեկինի հետ շփումներում։ Նախ հարկ է սկսել քաղաքական մակարդակից և ամեն կերպ խուսափել Չինաստանի համար զգայուն հարցերում անզգույշ քայլերից կամ գործողություններից, ինչը, ցավոք, վերջին տարիներին պարբերաբար կրկնվել է.
- ՀՀ անդամակցությունը պարբերաբար հակաչինական հայտարարություններով հանդես եկող Կրոնական ազատության միջազգային դաշինքին,
- ՀՀ մասնակցությունը ակնհայտ հակաչինական օրակարգ հետապնդող «Ժողովրդավարական գագաթնաժողով» միջոցառմանը,
- Թայվանի նախարարի ոչ պաշտոնական այցը Հայաստան,
- Ժամանակագրորեն նույն շրջանում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Թայվան և Հայաստան,
- Ոչ պատշաճ մակարդակով մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» 2-րդ և 3-րդ գագաթնաժողովներին և այլն:
- Ակտիվացնել մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում անցկացվող միջոցառումներին, բարձրացնել ներկայացվող պատվիրակությունների մակարդակը, մասնավորապես՝ փորձել առնվազն վարչապետի կամ փոխվարչապետի մակարդակով ներկայանալ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության գագաթնաժողովներին։ Խուսափել ակնհայտ հակաչինական նախաձեռնություններին անդամակցությունից, միջազգային կառույցներում հակաչինական քվեարկություններից և հայտարարություններից։
- Չափազանց զգուշավոր քաղաքականություն վարել Չինաստանի համար շատ զգայուն և կենսական նշանակություն ունեցող Թայվանի հարցում, կրոնական փոքրամասնություններին վերաբերող հարցերում, հնարավորինս խուսափել անցանկալի «պատահականություններից»։ Մշակել տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաներին Հայաստանի մասնակցության և այն չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանն ինտեգրելու հարցում ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթություններն ամփոփող լիարժեք ռազմավարություն, այն ներկայացնել և քննարկել ՉԺՀ շահագրգիռ ներկայացուցիչների հետ։
- Հանդես գալ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի մասով ՀՀ պատկերացումներն ամփոփող նոր նախաձեռնությամբ՝ պայմանական «Կայունության ճանապարհ» նախագծով, շահագրգիռ երկկողմ և բազմակողմ քննարկումներ կազմակերպել Վրաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչների հետ։ Ընդ որում, սա ոչ միայն հնարավորություն կտա տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման այլընտրանքային ուղիներ փնտրել, այլև այդ տեսլականի շուրջ քննարկումները կուժեղացնեն ՀՀ բանակցային դիրքերը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կումունիկացիաների ապաշրջափակման բարդ գործընթացում։
- Ակտիվացնել մասնակցությունը այն միջազգային միջոցառումներին և կազմակերպություններին, որոնք ՉԺՀ արտաքին քաղաքականության համար կարևոր նշանակություն ունեն։ Օրինակ՝ Հայաստանը, ինչպես Ադրբեջանը, Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու հայտ է ներկայացրել, սակայն ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, որը 2022-ին մասնակցել է ՇՀԿ գագաթնաժողովներին, ՀՀ վարչապետը որոշակի պատճառաբանությամբ խուսափել է այդ միջոցառմանը մասնակցելուց։
- Նախաձեռնել Չինաստանի հետ հարաբերությունները որակապես նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր՝ հետևելով Վրաստանի հաջողված օրինակին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Գերմանական ավտոարտադրողների շահույթը կտրուկ նվազել է
2025/12/16/ 13:51 -
ՌԴ-ն հայկական կողմի հետ պաշտոնական շփումներում բարձրացնում է գործարար Սամվել Կարապետյանի ազատազրկման հարցը․ ԱԳՆ
2025/12/16/ 12:46 -
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
2025/12/16/ 12:43 -
Մոսկվայի մարզում դպրոցականը դանակով հարձակվել է աշակերտների վրա. հաղորդվում է մեկ զոհի մասին
2025/12/16/ 12:41 -
Ղարաբաղից բռնի տեղահանված 26 հազար 233 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն
2025/12/16/ 12:26 -
Գալիք հինգ տարիներին Հայաստանի յոթ զբոսաշրջային կլաստերներում կներդրվի 120 միլիոն եվրո․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
2025/12/16/ 12:04 -
ՊՆ-ն հերքում է Մեղրիի զորամասի ուղղությամբ ներթափանցման փորձի մասին լուրը
2025/12/16/ 11:57 -
Թրամփը 5 մլրդ դոլարի հայց է ներկայացրել «BBC»- ի դեմ՝ Կապիտոլիումի գրոհի օրը նրա ունեցած ելույթի մոնտաժման պատճառով
2025/12/16/ 11:18 -
Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն (տեսանյութ)
2025/12/16/ 11:10 -
Ինչպես են տեխնոհսկաները բաշխում ԱԲ բումի ռիսկերը․ միլիարդանոց տվյալների կենտրոնները՝ ուրիշների հաշվեկշռում
2025/12/16/ 10:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 2025 Թ․
Ucom-ի ապագայի կապը, տիեզերական կրթությունը, AI միլիարդատերերն ու նոր ռեալիթի շոուն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 2025 Թ․
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով