2018 թվականի համեմատ սպորտի ոլորտի ֆինանսավորումը Հայաստանում ավելի քան քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 15 միլիարդ դրամի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ մասսայական սպորտի ուղղությամբ ֆինանսավորումն աճել է ավելի քան 25 անգամ՝ կազմելով 5,5 միլիարդ դրամ։
«Սպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակով 2025 թվականին ընթացքի մեջ է եղել շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքների շինարարություն, այդ թվում՝ մեր անվանի մարզիկների անունները կրող սպորտային համալիրները»,- նշել է նախարարը։
Տեսանյութին կից նշվում է, որ ավարտվել է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի շինարարությունը։
Շինարարության փուլում են նաև՝
-
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը,
-
Հրանտ Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը,
-
Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը։
Նախատեսվում է նաև կառուցել Վիկ Դարչինյանի, Ռոման և Մալխաս Ամոյանների, Յուրի Սարգսյանի, Նազիկ Ավդալյանի անվան մարզադպրոցներ, ինչպես նաև Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մարզադպրոց։

