Սեմ Ալթմանը ընդունում է, որ արհեստական բանականությունը խախտում է կապիտալիզմի հիմքերը

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի հանրային կերպարը կառուցված է հաշվարկված հակասության վրա։

Մի կողմից նա փորձում է ներկայանալ որպես վտանգավոր տեխնոլոգիայի հանդեպ պատասխանատու և զգուշավոր առաջնորդ, մյուս կողմից՝ ակտիվորեն կապեր է հաստատում ազդեցիկ օրենսդիրների հետ և մրցում մյուս տեխնոլոգիական հսկաների հետ՝ շուկայի առաջատար դիրքը գրավելու համար՝ գրեթե չմտահոգվելով դրա հետևանքներով։

Այս կերպարը պահպանելու նրա եղանակներից մեկը ցավոտ ճշմարտություններն ընդունելն է՝ առանց իրականում որևէ քայլ առաջարկելու դրանք փոխելու համար։

Futurism-ի փոխանցմամբ՝ այս շաբաթ BlackRock Infrastructure Summit-ում ելույթ ունենալիս Ալթմանը խոսել է նաև արհեստական բանականության շուրջ ձևավորված հասարակական անվստահության մասին՝ ընդունելով, որ AI-ն արդեն փոխում է կապիտալի և աշխատանքի հարաբերակցությունը։

«Տվյալների կենտրոններին արդեն մեղադրում են էլեկտրաէներգիայի թանկացման համար։ Գրեթե ամեն ընկերություն, որը կրճատումներ է անում, դա բացատրում է արհեստական բանականությամբ՝ անկախ նրանից՝ իրականում կապ ունի դրա հետ, թե ոչ», - ասել է Ալթմանը։ Նա ակնարկում էր «AI-washing»-ը՝ երբ ընկերությունները AI-ն օգտագործում են որպես արդարացում՝ թաքցնելու ավելի սովորական շուկայական պատճառները, որոնք իրականում են բերում աշխատողների կրճատմանը։

Ինչ էլ լինի իրական պատճառը, Ալթմանը ընդունել է, որ AI-ն ուժեղացնում է «կապիտալի» դիրքերը՝ այսինքն բիզնեսի սեփականատերերի հնարավորությունը՝ ավելի հեշտ թուլացնելու աշխատողների ազդեցությունը։ Նրա խոսքով՝ տնտեսությունը շարժվում է «սակավությունից» դեպի «առատություն»։

«Դա իրականում փոխում է այն, թե ինչպես է աշխատել կապիտալիզմը», - ասել է նա՝ նշելով, որ համակարգը միշտ հիմնվել է բիզնեսի սեփականատերերի և աշխատողների միջև որոշակի հավասարակշռության վրա (թեև այդ հավասարակշռությունը որքան իրական է եղել՝ վիճելի հարց է)։
«Եթե այսօր շատ աշխատանքներում արդեն դժվար է GPU-ից ավելի արդյունավետ աշխատել, դա արդեն փոխում է խաղի կանոնները։ Եթե պարզ ու ընդհանուր լուծում լիներ, վաղուց գտնված կլիներ, ուստի կարծում եմ՝ ոչ ոք հստակ չգիտի՝ ինչ անել»։

Անկախ նրանից՝ Ալթմանի այս խոսքերը մարտավարական քայլ են, թե իրական մտահոգություն, դրանք ինքնին կարելի է համարել «AI-washing»-ի բավական նուրբ օրինակ։ Նա պարզապես բարձրաձայնում է ակնհայտը՝ որ AI-ն կարող է օգտագործվել աշխատողների ազդեցությունը թուլացնելու համար, բայց միաժամանակ այդ զարգացումը ներկայացնում է որպես անխուսափելի և իրեն դուրս դնում պատասխանատվությունից։

Մինչդեռ Ալթմանի ղեկավարած OpenAI-ն որևէ լուրջ քայլ չի արել աշխատողների շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Չկա աջակցություն ոլորտային կոլեկտիվ բանակցություններին տեխնոլոգիական ոլորտում, առավել ևս՝ այլ ոլորտներում։ Չկան նախաձեռնություններ, որոնք կարող էին մեղմել կյանքի թանկացումը և օգնել աշխատողներին դիմակայել AI-ի ազդեցությանը։ Իսկ ընկերության կառավարման համակարգում աշխատողների որևէ ներկայացվածություն չկա։

Այլ խոսքով՝ Ալթմանի մտահոգությունը ավելի շատ արտաքին էֆեկտ ունի, քան իրական բովանդակություն։ Դա նա ակնհայտորեն ցույց է տալիս նույն ելույթում՝ հայտարարելով, որ վերջնական նպատակն է AI-ն դարձնել «այնքան էժան, որ հաշվիչով չափելու կարիք էլ չլինի»։

«Մենք ուզում ենք աշխարհը լցնել բանականությամբ», — ասել է Ալթմանը։ «Ուզում ենք, որ մարդիկ այն օգտագործեն բառացիորեն ամեն ինչի համար»։

Սակայն եթե չի լուծվում կապիտալի և աշխատանքի այն հակասությունը, որի մասին ինքը խոսում է, ապա մնում է հիմնական հարցը․ երբ այդ «բանականության հեղեղը» հասնի բոլորին, իրականում ո՞վ է դրանից շահելու։