ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մարտի 16-ին այցելել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
ՊՈԱԿ-ի տնօրեն Վիգեն Մեսրոպյանը ներկայացրել է 2025 թվականի գործունեության ամփոփ տվյալները։ Մասնավորապես, 2025-ին կենտրոնում ստացվել է փորձաքննություն նշանակելու մասին 10 148 որոշում (2024-ին՝ 8 226), իսկ փորձագետների կողմից տրվել է 9 841 եզրակացություն (2024-ին՝ 6 021)։ Արտադրողականությունն աճել է 63,4%-ով։
Ավարտված 9 841 փորձաքննությունից՝
-
8 757-ը նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի կողմից,
-
1 070-ը՝ ՀՀ ոստիկանության,
-
12-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի,
-
2-ը՝ դատարանի կողմից։
Տնօրենի խոսքով՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման արդյունքում տնտեսվել է շուրջ 60 մլն դրամ՝ փորձագիտական ծառայությունների համար նախատեսված միջոցներից։
Նշվել է նաև, որ որոշ դեպքերում փորձաքննությունների փոխարեն իրականացվում են զննություններ փորձագետի մասնակցությամբ և հարցումներ օտարերկրյա իրավասու մարմիններին, ինչը թույլ է տալիս խուսափել անհիմն ծանրաբեռնվածությունից և ավելորդ ծախսերից։
Կադրային քաղաքականության շրջանակում կենտրոնը համալրվել է շուրջ 87 փորձագետով։
Մեսրոպյանը նաև հայտնել է, որ 2025 թվականի արդյունքներով կենտրոնը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 548-րդ հորիզոնականը։
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել կենտրոնի աշխատանքը՝ ընդգծելով, որ փորձաքննությունների արագ իրականացումը նպաստում է նախաքննության արդյունավետությանը։
Հիշեցնենք, որ կենտրոնը գործում է 2024 թվականի օգոստոսի 1-ից և ունի 11 բաժին՝ 7-ը կենտրոնական մարմնում, 4-ը՝ մարզերում։ Այն իրականացնում է փորձագիտական ծառայություններ, վարում փաստաթղթերի նմուշների միասնական հավաքածու, ինչպես նաև մատնադրոշմների, գնդակապարկուճադարանի և ԴՆԹ նմուշների հաշվառում։

