Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը մեկօրյա աշխատանքային այցով կայցելի Նախիջևան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության  հաղորդման մեջ։ Այցը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Հաղորդման  համաձայն, առաջնորդները կքննարկեն երկկողմ՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Մտքերի փոխանակում տեղի կունենա նաև տարածաշրջանային և միջազգային ընթացիկ  հարցերի, առաջին հերթին՝ ղարաբաղյան վերջին իրադարձությունների  շուրջ։ Ակնկալվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացմանը։