Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի և ՄԻՊ աշխատակազմերի ներկայացուցիչները։
Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, սոցիալ-տնտեսական հիմնահարցեր, ինչպես նաև դրանց համակարգային լուծումների կարևորությունը։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման և անօթևանության խնդրին, թափառող կենդանիների հարցին, խոսքի ազատության երաշխավորմանը և ատելության խոսքի տարածման կանխմանը, ինչպես նաև ընտրական իրավունքի իրացման ապահովմանը։
Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է պետական և տեղական մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը։
«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար և հարգալից հասարակություն կառուցելու համար»,- նշել է նա։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցերը մարզեր կրում են շարունակական բնույթ։

