2025-ը վերջին 10 տարվա ամենաձյունառատ տարին է եղել, ինչն ազդել է փոսերի առաջացման վրա․ Փամբուխչյան

Այն փողոցներում, որտեղ 2024-2025 թվականներին կատարվել են միջին նորոգման և փոսալցման աշխատանքներ, ներկայում գրեթե փոսեր չկան՝ չնայած նույն քանակի աղ ու ավազ է կիրառվել։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ ձյան քանակ, ինչը զգալիորեն ազդել է մայրաքաղաքում փոսերի առաջացման վրա։

Մամլո ասուլիսի ժամանակ նա նշել է, որ 2025-ին, 2024-ի համեմատ, 2,5 անգամ ավելի աղ ու ավազով մշակում է իրականացվել՝ առատ ձյան պատճառով։

Փամբուխչյանի խոսքով՝ այն փողոցներում, որտեղ 2024-2025 թվականներին կատարվել են միջին նորոգման և փոսալցման աշխատանքներ, ներկայում գրեթե փոսեր չկան՝ չնայած նույն քանակի աղ ու ավազ է կիրառվել։

«Որքան թարմ է միջին նորոգումն ու փոսալցումը, այնքան փոսերը քիչ են կամ ընդհանրապես չկան։ Նախորդ տարի փոսալցում ենք իրականացրել Էրեբունի փողոցում, Վաղարշյան փողոցում, Գայի պողոտայում․ կարող եք շրջել և տեսնել, որ այդ հատվածներում խնդիրներ չկան»,- նշել է նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Տիգրան Ավինյանի տան մոտ փոսեր չկան, Փամբուխչյանը ընդգծել է, որ աշխատանքները կատարվել են առանց տարբերակելու, թե ում տան դիմաց է տվյալ հատվածը։

«Աղի մեքենան չի նայել՝ ում տան դիմաց է։ Տարբերությունը միայն այն է, թե երբ է արվել և որքան թարմ է եղել տվյալ հատվածի փոսալցումը»,- հավելել է նա։