Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր

Ուելսը սոցիալական մեդիայի ներկայիս վիճակը նկարագրում է որպես մի համակարգ, որտեղ օգտատերերը «ընդամենը ճորտեր են տիրոջ կալվածքում»։

Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսն Ավստրալիայում սոցիալական մեդիայի արգելքն անվանել է «կատարյալ ձախողում» և «խայտառակություն»՝ նշելով, որ այն երեխաներին սովորեցնում է հանդուրժել տեխնոլոգիական ընկերությունների կողմից իրականացվող համատարած վերահսկողությունը։

Առցանց հանրագիտարանը, որը կարող է խմբագրել յուրաքանչյուրը, ստեղծվել է դեռևս 2001 թվականին՝ նախքան սոցիալական մեդիայի դարաշրջանը։ Սակայն Guardian Australia-ին տված հարցազրույցում Ուելսն ասել է, որ սոցցանցերի ներկայիս արատներից շատերը գոյություն են ունեցել նաև համացանցի վաղ շրջանում։

«Նախքան սոցցանցերը և Վիքիպեդիան կար Usenet-ը, որը նման էր հսկայական, չվերահսկվող հաղորդագրությունների տախտակի»,— նշել է նա։ — «Այն անասելի թունավոր միջավայր էր. մշտական վիրավորանքներ, անձնական հարձակումներ և ընդհանուր գարշելի մթնոլորտ։ Մարդիկ ալգորիթմների կարիք չունեն միմյանց նկատմամբ չար լինելու համար. մենք դա ինքնուրույն էլ ենք հիանալի անում։ Այնպես որ, պետք չէ անցյալին վարդագույն ակնոցներով նայել»։

Ուելսը մայիսին այցելելու է Ավստրալիա՝ մասնակցելու գրական փառատոնների և ներկայացնելու իր նոր գիրքը՝ «Վստահության յոթ կանոնը» (Seven Rules of Trust)։ Գրքում նա քննարկում է, թե ինչպես կարելի է Վիքիպեդիայի խմբագիրների միջև գործող վստահության մոդելը կիրառել ժամանակակից քաղաքական բևեռացված քննարկումներում։ Այդ յոթ կանոնները ներառում են թափանցիկությունը, երկխոսությունն անհատական մակարդակի վրա պահելը և քաղաքավարությունը։

Ըստ Ուելսի՝ Վիքիպեդիայի համայնքի հիմնարար կանոնն անձնական հարձակումների բացառումն է։ «Եթե դուք հարձակվում եք դիմացինի վրա, դա Վիքիպեդիայի աշխարհում խիստ բացասական է ընկալվում։ Սա էականորեն տարբերվում է սանձարձակ սոցցանցերից, որտեղ, եթե կորցնում եք ինքնատիրապետումն ու հարձակվում մեկի վրա, ալգորիթմը նկատում է ակտիվության աճը, սկսում է տարածել ձեր գրառումը, և դուք ավելի շատ հետևորդներ եք հավաքում»։

Ուելսը սոցիալական մեդիայի ներկայիս վիճակը նկարագրում է որպես մի համակարգ, որտեղ օգտատերերը «ընդամենը ճորտեր են տիրոջ կալվածքում»։ Այնտեղ կանոնները սահմանվում են վերևից և գործադրվում հարթակների կողմից վարձված «անանուն ու անդեմ մոդերատորների» կողմից։ «Մինչդեռ Վիքիպեդիայում ամեն ինչ հենց համայնքի ձեռքում է»։

Չնայած սոցցանցերի հասցեին հնչեցրած քննադատությանը, Ուելսը դեմ է Ավստրալիայի կառավարության որոշմանը՝ արգելել մինչև 16 տարեկանների մուտքն այնպիսի հարթակներ, ինչպիսիք են X-ը, Facebook-ը, Instagram-ը և TikTok-ը։

«Ես կարծում եմ, որ սա կատարյալ ձախողում է և խայտառակություն»,— ասել է նա։ — «Երբ մեզանից՝ չափահասներիցս, պահանջում են հաստատել մեր տարիքը՝ տրամադրելով անձնական տվյալներ... սա պարզապես խենթություն է և խիստ վտանգավոր»։

Նա օրինակ է բերել Roblox խաղային հարթակի վերջին փոփոխությունները, որտեղ կիրառվում է դեմքի միջոցով տարիքի հաստատման համակարգ։ Օգտատերերը, որոնց մեջ կարող են լինել նույնիսկ հնգամյա երեխաներ, բաժանվում են տարիքային խմբերի և կարող են շփվել միայն իրենց հասակակիցների հետ։ Սա նպատակ ունի նվազեցնել մեծահասակների կողմից երեխաներին թիրախավորելու ռիսկերը։ Սակայն Ուելսի պնդմամբ՝ երեխաներին վարժեցնելը, որ նրանք միացնեն իրենց տեսախցիկները հարթակի առաջին իսկ պահանջով, վտանգավոր է։

«Դուք երեխաներին ստիպում եք դրսևորել խիստ անպաշտպան վարքագիծ»,— նշել է նա։ — «Կարծում եմ՝ երիտասարդների և սոցցանցերի շուրջ ստեղծվել է զանգվածային բարոյական խուճապ, որն իրականում անհիմն է»։

Ըստ Ուելսի՝ այս հարցը շատ ավելի խորն է և առնչվում է համացանցում երիտասարդների իրավունքներին։ «Այս արգելքի կողմնակիցներից շատերը սովորաբար դեմ են վերահսկողության պետությանը կամ «վերահսկողական կապիտալիզմին», սակայն ինձ թվում է՝ նրանք պարզապես հարցը մինչև վերջ չեն խորհել»։

Նա նաև նշել է, որ հաճախ է հանդիպում ծնողների, որոնք նույնիսկ տեղյակ չեն «ծնողական վերահսկողության» գործառույթների մասին։ Ըստ նրա՝ կառավարությունները պետք է կրթեն մեծահասակներին այդ հարցում։ «Թե՛ Android-ի, թե՛ Apple-ի սարքավորումներում դա շատ հեշտ է կարգավորել... ինչո՞ւ չունենք օրենք, որը կպարտադրի վաճառողներին հեռախոսները վաճառել երեխաների համար նախապես կարգավորված վիճակում»։

Արհեստական բանականությունը «աղետ չէ» Վիքիպեդիայի համար

Անդրադառնալով ChatGPT-ի, Claude-ի, Gemini-ի և Grok-ի նման չաթ-բոտերի հայտնվելուն՝ Ուելսն ասել է, որ Վիքիպեդիայի մարդկային թրաֆիկը նվազել է շուրջ 8%-ով։

«Սա աղետ չէ, բայց նկատելի ցուցանիշ է»,— ասել է նա։ Ըստ Ուելսի՝ այս կորուստը հիմնականում վերաբերում է այն օգտատերերին, որոնք պարզապես կարճ պատասխան էին փնտրում, այլ ոչ թե նրանց, ովքեր ցանկանում էին խորասուզվել կրթական նյութերի մեջ՝ կարդալով տասնյակ հոդվածներ ու հետևելով հղումներին։

Մյուս կողմից, արհեստական բանականության «քրոլերները» (տվյալներ հավաքող ծրագրերը), որոնք սկանավորում են էջերը տեղեկատվություն ստանալու համար, լուրջ ծանրաբեռնվածություն են ստեղծում Վիքիպեդիայի համար։ «Բոտերի թրաֆիկը շատ տարբերվում է մարդկայինից։ Երբ թագուհին մահացավ, միլիոնավոր մարդիկ եկան կարդալու այդ մեկ էջը. այն պահված էր համակարգի հիշողության մեջ (cache), և մենք այն արագ մատուցում էինք։ Դա գրեթե ոչինչ չէր նստում մեզ վրա»։

Իսկ ԱԲ բոտերը, որոնք փնտրում են ոչ այնքան հանրամատչելի էջեր, որոնք հիշողության մեջ պահված չեն, սպասարկման տեսանկյունից «անհամեմատ թանկ» են նստում հարթակի վրա։ Այդ պատճառով Վիքիպեդիան ԱԲ ընկերություններին ավելի ու ավելի վճռականորեն առաջարկում է օգտվել իր վճարովի ձեռնարկատիրական ծառայությունից՝ տվյալների բազային անմիջական հասանելիություն ստանալու համար։

Վիքիպեդիան թույլ չի տալիս արհեստական բանականությանը ուղղակիորեն խմբագրել հոդվածները, սակայն Ուելսն այն անօգուտ չի համարում խմբագիրների համար։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ երբ մարդիկ ԱԲ-ին հարցեր են տալիս որևէ թեմայի շուրջ, այն հաճախ սխալներ է թույլ տալիս։

«Դա հատկապես ակնառու է դառնում, երբ թեման ավելի քիչ հայտնի է. ԱԲ-ն այդ դեպքում պարզապես սկսում է հորինել։ Վիքիպեդիայի դեպքում այդպես չէ»,— ասել է նա։ — «Քիչ հայտնի թեմաները սովորաբար խորությամբ հետազոտված են լինում մեր «սուպեր գիտունիկների» կողմից»։