Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանը բաց է Էմիրաթական ներդրումների համար։

Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5–ին, Արաբական Միացյալ Էմիրությունների առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով արտաքին գործերի նախարարի տեղակալ Օմրան Շարաֆի և Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ հադիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ ձևավորված սերտ գործակցությունը։ 

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ տնտեսության արդիականացման նպատակով։ 

Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը բաց է Էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։ 

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման համար: