Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը

Վերջին երեք տարիներին վարկային պորտֆելը տարեկան աճում է 20%-ով։

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները բարձր են, սակայն այստեղ մի քանի ֆոնոմենների համակցություն կա։ Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի նիստում՝ Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց ԿԲ գործող նախագահ և թափուր պաշտոնի թեկնածու Մարտին Գալստյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե ինչով է ԿԲ նախագահը բացատրում վարկերի տոկոսադրույքների անընդունելի և չափազանց բարձր մակարդակը։

Ի պատասխան՝ Գալստյանը նշել է, որ վերջին երեք տարիներին վարկային պորտֆելը տարեկան աճում է 20%-ով։ «Մենք հսկայական պահանջարկի ֆենոմեն ունենք։ Այսինքն՝ պահանջարկի դեպքում գնի անկումը մի քիչ դժվար է պատկերացնել։ Երկրորդը՝ մենք կապիտալի բուֆերներ ենք մտցրել, այսինքն՝ բանկերի համար թանկացրել ենք փողի գինը։ Երրորդը՝ մենք ստեղծել ենք մի իրավիճակ իրար հետ միասին, որ սպառողական և հիփոթեքային վարկերը այսօր Հայաստանում տրվում են հայկական դրամով»,- պարզաբանել է Կենտրոնական բանկի նախագահը։