Ինչպես կանդրադառնան 2025-ի բյուջեի փոփոխությունները քաղաքացիների եկամուտների վրա
ԱԺ լիագումար նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2025թ․ պետական բյուջեի նախագծի հիմնական դրույթները։ 2025-ի պետական բյուջեն արտացոլում է կառավարության հիմնական նպատակը՝ արդյունավետության ու տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների համախմբումը: Նախատեսվում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4%-ով կրճատում, որը պետական բյուջեի արդյունավետ ծախսման և ռեսուրսների ճիշտ բաշխման ուղղությամբ կարևոր քայլ է։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ բյուջեն ուղղված է երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը և տնտեսական ներուժը երաշխավորելուն։ Սա ենթադրում է, որ կառավարության ծրագրերը պետք է լինեն ոչ միայն կարճաժամկետ տնտեսական աճի խթանման, այլև երկարաժամկետ զարգացում ապահովելու նպատակով։ Հարկահավաքման հաջողություններ և տնտեսական աճի կանխատեսումներ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվն աճել է 5%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 6.6%-ով՝ հասնելով 280,256 դրամի։ Հովհաննիսյանը նշեց նաև, որ 2023-ի տվյալներով աղքատության մակարդակը նվազել է 1.1%-ով՝ կազմելով 23.7%։ Հարկային մուտքերի շարունակական բարելավումն ապահովում է պետական զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներ, ինչը նպատակ ունի ամրապնդել ՀՀ պետականությունը։ 2024-ին հարկերը կկազմեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ, իսկ 2025-ին ակնկալվում է շուրջ 0.7%-ով բարելավում՝ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելով 25%-ի։