Մարտի 6-ի կարևոր լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։

Միրզոյան–Բայրամով հեռախոսազրույց

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և ընդգծել լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու, ինչպես նաև կայունության ու անվտանգության ապահովման կարևորությունը։

Իրանի ԱԳ նախարարը՝ պատերազմի մասին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայել պատերազմին և այն «ճահիճ» դարձնել նրանց համար, ովքեր կսկսեն այն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Իրանի վրա երկու անգամ հարձակում է իրականացվել։

Պեսկովը՝ Մերձավոր Արևելքի պատերազմի մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող դադարեցնել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը, սակայն շարունակելու է քայլեր ձեռնարկել սեփական շահերը պաշտպանելու համար։

Ուկրաինան կօգնի ԱՄՆ-ին իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է օգնել ԱՄՆ-ին իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում՝ օգտագործելով Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձը։

Թրամփը՝ Իրանի ղեկավարության փոփոխության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական փոփոխություն և ունի մի քանի թեկնածու, որոնք կարող են ղեկավարել երկիրը։

Ադրբեջանը բանակը բերել է մարտական պատրաստության

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինված ուժերը բերվել են լիակատար մարտական պատրաստվածության վիճակի, ինչպես նաև սկսվել է պահեստազորայինների զորակոչը։

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի շարք բնակավայրերի։ Վերջին օրերի հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 120-ը։

Թրամփը՝ Իրանի բանակի մասին

Politico-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ռազմական համակարգի մեծ մասը ոչնչացված է, և ԱՄՆ-ը կարևոր դեր կունենա Իրանի հետպատերազմյան քաղաքական կառուցվածքի ձևավորման մեջ։

ԱՄՆ «Էպիկական ցասում» գործողությունը Իրանում

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերի խոսքով՝ գործողությանը մասնակցում է շուրջ 50 հազար զինծառայող, իսկ վերջին 72 ժամում խոցվել է 200 թիրախ։

Իտալիան փակել է Թեհրանում իր դեսպանատունը

Անվտանգության նկատառումներից ելնելով Իտալիան ժամանակավորապես փակել է Թեհրանում իր դեսպանատունը։ Դեսպանը և մոտ 50 իտալացի տեղափոխվել են Ադրբեջան, իսկ դեսպանատունը ժամանակավորապես կգործի Բաքվից։

Բուժաշխատողները դժգոհ են աշխատավարձերից

Առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո բուժաշխատողները հայտնում են, որ աշխատավարձերը հաճախ ուշացումով են վճարվում և երբեմն զգալիորեն նվազել են։

Ֆրանսիան չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին

Ֆրանսիան հայտարարել է, որ չի մասնակցի ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ իր ռազմաբազաներում տեղակայված ամերիկյան տեխնիկան օգտագործվում է պաշտպանական նպատակներով։