Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում և Դուբայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հավաքագրվել են Օմանով ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների տվյալները և կազմակերպվել է նրանց անվճար տեղափոխումը դեպի Մասկատի օդանավակայան։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատ կազմակերպված փոխադրումով տեղափոխվել է՝
-
մարտի 4-ին՝ 94 ՀՀ քաղաքացի,
-
մարտի 5-ին՝ 58 քաղաքացի,
-
մարտի 6-ին՝ 38 քաղաքացի։
Երեք օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ապահովվել է 190 ՀՀ քաղաքացու տեղափոխումը դեպի Մասկատ։
Տեղական իշխանությունների կողմից Դուբայում ապահովվել է ոստիկանական ուղեկցություն։ Գրանցված, սակայն չտեղափոխված քաղաքացիներն այդ պահին նախընտրել են մնալ Դուբայում։
Կապ պահպանվում է քաղաքացիների հետ
Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները հավաքագրել են այնտեղ գտնվող 170 ՀՀ քաղաքացիների տվյալները։ Նրանց հետ կապը պահպանվում է անհատական և խմբային տարբերակներով։ Այդ թիվը ներառում է նաև Աբու Դաբիում գտնվող 30 հայ ուսանողների։
Այն դեպքերում, երբ Դուբայի որոշ հյուրանոցներում թռիչքները ոչ իրենց մեղքով բաց թողած քաղաքացիները բախվել են խնդիրների, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ներգրավվել է դրանց հասցեագրման և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու գործընթացում։ Համապատասխան տեղեկատվություն տրամադրվել է նաև ԱՄԷ ԱԳ նախարարությանը։

