Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի վաճառքի համար կկիրառվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ․ ինչ փոփոխություններ են առաջարկվում
Լուրեր |
Նախագիծը բարդ է, բայց ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է
Նախատեսվում է վերանայել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ավելացված արժեքով հարկման կանոնները և սահմանել հատուկ կանոններ: Այդ մասին Կառավարության՝ մարտի 19-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծով ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի:
Ըստ նախարարի՝ թեև ոսկու և թանկարժեք քարերի օտարումը, գործող օրենսդրության համաձայն, ազատված է ԱԱՀ-ից, այդուհանդերձ, ոսկու և թանկարժեք քարերի օգտագործմամբ ստացված ոսկյա զարդերի օտարումը ենթակա է ավելացված արժեքով հարկման:
«Վերջնարդյունքում փաստացի ստացվում է, որ ոսկյա զարդի պատրաստման համար օգտագործված ոսկին և թանկարժեք քարերը հարկվում են ԱԱՀ-ով: Ընդ որում՝ հատկանշական է այն, որ ոսկու և թանկարժեք քարերի արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը: Այս պարագայում խնդիրն այն է, որ երբ ոսկեգործությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն իրենց իրացման շրջանառությամբ հատում են ԱԱՀ-ի հարկի շեմը՝ տարեկան 115 մլն դրամը, իրենց կողմից շուկայում առաջարկվող ոսկյա զարդի գինը՝ ԱԱՀ-ով պայմանավորված, կտրուկ աճում է, և ոսկյա զարդը գնային առումով դառնում է ոչ մրցունակ»,- ասաց նա:
Մյուս կողմից, ըստ Վահե Հովհաննիսյանի, ոսկին և թանկարժեք քարերն առանձնահատուկ հումքի տեսակներ են այն իմաստով, որ, արժեշղթայի մի օղակից մյուսը անցնելով, հումքից զարդ դառնալով, պահպանում են իրենց արժեքը և հետագայում կարող են օգտագործվել մեկ այլ զարդ պատրաստելու համար, այսինքն՝ հումքի այս տեսակները կարող են բազմակի լինել արժեշղթայի օղակներում, ինչը, բնականաբար, չի նշանակում, որ յուրաքանչյուր անգամ դրանց արժեքի չափով նոր արժեք է ստեղծվում: Հետևաբար յուրաքանչյուր անգամ այդ հումքի արժեքը ԱԱՀ-ով հարկելը, ըստ նախարարի, արդարացի չէ:
«Վերոնշյալը հաշվի առնելով՝ առաջարկվում է սահմանել երկու առանձին կարգավորում ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի արտադրողների և դրանք վերավաճառողների համար:
Առաջին կարգավորումն արտադրողների համար առաջարկում է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկում է ոսկե իրի օտարման գնի և դրա արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Օրինակ՝ եթե արտադրողը ոսկյա զարդը վաճառում է 100 միավորով, եթե այդ զարդի պատրաստման համար ունի ոսկու փաստաթղթավորված ծախս 60 միավորի չափով, և ադամանդի փաստաթղթավորված ծախս՝ 25 միավորի չափով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 100 միավորի հաշվարկով, այլ 15 միավորի հաշվարկով, այսինքն՝ 100-ից հանած 60, հանած 25:
Երկրորդ՝ առևտրական առքուվաճառքի գործունեությամբ զբաղվող անձանց համար առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկվում է ոսկյա իրի օտարման գնի և դրա ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Օրինակ՝ եթե ոսկյա զարդի վերավաճառքով զբաղվողը արտադրողից 100 միավորով ձեռք բերված ոսկյա զարդը վաճառում է 120 միավորով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 120 միավորի հաշվով, այլ 20 միավորի հաշվով»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ նախագիծը բարդ է, բայց ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը կօգնի հարստանալ և հարստացնել, և արդյունքում տեղական ոսկերչական արտադրանքը ներմուծվողի համեմատությամբ կբարձրացնի մրցունակությունը:
«Պետք է արագ ընդունենք, քանի որ տուրիստական սեզոնը հիմա ակտիվանում է, որ մեր ոսկերիչների վաճառքներն էականորեն մեծանան: Մենք համոզված ենք, որ այդ էֆեկտը լինելու է»,- ասաց Փաշինյանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները