Հայտնի է Վերջին զանգի օրը

Միջոցառումները կարող են ընդգրկել նաև խորհրդանշական արարողություններ։

ԿԳՄՍ նախարարությունը «Վերջին զանգի» միջոցառումներում մշակութային բաղադրիչի կարևորությունը շեշտելով՝ շրջաբերական գրություններ է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին։ Հայտարարվել է, որ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին կրկին կանցկացվի «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթ։

Մրցույթի ուղեցույցի համաձայն՝ միջոցառումները կարող են ներառել ազգային և համամարդկային մշակույթը ներկայացնող տարրեր՝ ազգային և այլ պարեր, հայկական և համաշխարհային երգեր, ինչպես նաև տվյալ համայնքին բնորոշ ստեղծագործություններ։

Նախատեսվում են նաև գրական բաղադրիչներ՝ հայ և համաշխարհային հեղինակների ստեղծագործությունների ներկայացմամբ, ինչպես նաև բեմականացումներ՝ պատմական կամ հումորային թեմաներով։

Միջոցառումները կարող են ընդգրկել նաև խորհրդանշական արարողություններ՝ շրջանավարտների և առաջին դասարանցիների միջև երկխոսություններ և ավանդույթների փոխանցում։

Մասնակցությունը կամավոր է։ Դպրոցները պետք է հայտ ներկայացնեն մինչև 2026 թվականի մայիսի 29-ը՝ ներառյալ։ Հայտը պետք է ներառի միջոցառման սցենարը, 10 լուսանկար և մինչև 10 րոպե տևողությամբ տեսանյութ։

Հայտերը կգնահատվեն մինչև հունիսի 5-ը՝ բովանդակության, լեզվական և երաժշտական բաղադրիչների, ինչպես նաև ստեղծագործականության և նորարարության չափանիշներով։

Յուրաքանչյուր մարզում կհաղթի երկու դպրոց՝ հիմնական և ավագ։ Արդյունքները կամփոփվեն հունիսին։

Նախարարությունը նաև ընդգծել է, որ «Վերջին զանգի» միջոցառումների կազմակերպման ընթացքում պետք է բացառել պարտադրված դրամահավաքները։ Նման դեպքերի մասին ծնողները կարող են տեղեկացնել թեժ գծով՝ 010-599-699։

Այս տարի «Վերջին զանգը» կկայանա մայիսի 22-ին՝ 5-օրյա, և մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ ունեցող դպրոցներում։