Չինացի դեռահասը տուրբոռեակտիվ շարժիչ է հավաքել իր հյուրասենյակում

Պատանու մայրը տեսանյութեր է հրապարակում սոցիալական ցանցի իր 30 հազար հետևորդների համար:

Չինաստանում հանրության ուշադրությունն է գրավել Հայնան կղզուց 14-ամյա դեռահաս Չե Ցզինգանը։ Դեռահասը տուրբոռեակտիվ շարժիչ է հավաքել իր տան հյուրասենյակում։ Այս մասին հայտնել է South China Morning Post (SCMP) թերթը։

Դպրոցականը, որն իրեն «հրթիռագործ» է անվանում, պատմել է, որ «թռչող առարկաների» նկատմամբ սերն ստիպել է իրեն դեռ տարրական դպրոցի երրորդ դասարանից սկսել մաթեմատիկական անալիզի և աերոդինամիկայի ուսումնասիրությունը։ Ստացած գիտելիքները նրան թույլ են տվել անցնել տնային պայմաններում բարդ մոդելների ձեռքով հավաքմանը։

Պատանու մայրը տեսանյութեր է հրապարակում սոցիալական ցանցի իր 30 հազար հետևորդների համար, որոնցում տղան ցուցադրում է շարժիչների պատրաստման և փորձարկման ընթացքը՝ միաժամանակ օգտագործելով մասնագիտական տերմինաբանություն:

Իր նոր հայտնագործության շնորհիվ տղան հայտնվել է ուշադրության կենտրոնում: Սոցցանցերում քննարկումներ են սկսվել նրա կարողությունների իսկության շուրջ, սակայն ինքը՝ պատանին, հանգիստ է վերաբերվում թերահավատությանը: Նա նաև նշել է, որ չի վախենում իր աշխատանքում հանդիպող ձախողումներից: