Փարիզում բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը
Լուրեր |
Կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպում։
Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, Հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:
Կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպում։
Միջոցառմանը մասնակցել են Սենատի և Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ քաղաքապետեր, ռեգիոնալ դեպարտամենտի քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, ԱԳՆ, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ելույթներ են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները։
Ստորև ներկայացնում ենք նախարար Արարատ Միրզոյանի ելույթը:
«Մեծարգո՛ պարո՛ն նախարար, իմ սիրելի՛ ընկեր Ժան-Նոել Բարո,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի՛ խորհրդարանականներ, դեսպաններ, քաղաքապետեր,Սիրելի՛ հյուրեր և բարեկամներ,
Տիկնայք և պարոնայք,
Բարի գալուստ Փարիզում Հայաստանի նոր տուն։ Մեծ պատիվ է ձեզ հյուրընկալել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության նոր նստավայրի պաշտոնական բացման արարողությանը։
Այս օրը նշանակալից է ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայության ամրապնդման, այլև Հայաստանի և Ֆրանսիայի` ավելի ու ավելի ամրապնդվող բարեկամության տեսանկյունից. բարեկամություն, որն ունի հարուստ պատմություն և խարսխված է մեր դավանած ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և համերաշխության վրա, որի լավագույն արտահայտությունն է այսօր այստեղ ձեր՝ բազմամարդ ներկայությունը։
Ցանկանում եմ երախտագիտության խոսք ուղղել Ֆրանսիայի իշխանություններին՝ ցուցաբերած շարունակական աջակցության համար, ինչպես նաև անձամբ Ձեզ՝ պարո՛ն նախարար, թանկագի՛ն բարեկամ, Հայաստանի համար այս շատ կարևոր իրադարձությանն անձամբ մասնակցելու համար։
Խորհրդանշական է նաև, որ Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր նստավայրը տեղակայվում է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենի առանձնատանը։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել նրա ընտանիքին` այս կարևոր պահին մեզ հետ լինելու համար:
Հարգելի՛ ներկաներ,
Այս հանդիսավոր բացումը տեղի է ունենում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան նախատեսվող պետական այցից օրեր առաջ. այց, որը համոզված եմ` կդառնա մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը։ Ըստ էության, Հայաստանի անկախության վերականգնումից հետո, Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները հետևողականորեն զարգացել են, և այսօր Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է ձևավորել ռազմավարական բնույթի հարաբերություններ՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության, կանոնավոր բարձրաստիճան շփումների, ակտիվ խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության և բազմոլորտ գործընկերության վրա, ինչը տեսանելի է ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական ու միջազգային մակարդակներով։ Իսկապես ռազմավարական գործընկերություն, որը շուտով կամրագրվի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթով։
Մենք բարձր ենք գնահատում նաև Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում։ Մեծապես գնահատելի է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության, Հայաստանի ժողովրդավարական ուղուն և Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներին Ֆրանսիայի ամուր հանձնառությունը։
Ֆրանսիայում հայկական ստվար համայնքի ներկայությունը ևս մեծապես նպաստել է այս բարեկամության խորացմանը։ Մեր բարեկամության կենդանի մարմնացում են եղել և շարունակում են մնալ այն բացառիկ անհատները, ովքեր իրենց տաղանդով և նվիրումով հարստացրել են երկու ժողովուրդների մշակութային և հասարակական կյանքը՝ Շառլ Ազնավուր, Միշել Լեգրան, Անրի Վեռնոյ, Ժանսեմ, Պատրիկ Դևեջյան և այլոք:
Սիրելի՛ բարեկամներ,
Ամփոփելով ուզում եմ համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերությունը շարունակելու է ամրապնդվել՝ հենվելով մեր ընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և համատեղ տեսլականի վրա՝ ի շահ մեր ժողովուրդների և մեր ընդհանուր ապագայի։
Vive l'Arménie, vive la France, vive notre amitié. (Կեցցե՛ Հայաստանը, Կեցցե՛ Ֆրանսիան, Կեցցե՛ մեր բարեկամությունը)»:
Ժան-Նոել Բարոն իր խոսքում նշել է. «Պարո՛ն նախարար, ինչպես նշեցիք` մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը: Այդ ժամանակ Երևանը կդառնա Եվրոպայի բաբախող սիրտը. այն կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
Այս իրադարձությունը վկայությունն է առ այն, որ մեր երկու երկրները ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա: Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/29 17:47
Հայտնի է Վերջին զանգի օրը
Միջոցառումները կարող են ընդգրկել նաև խորհրդանշական արարողություններ։
-
Չինացի դեռահասը տուրբոռեակտիվ շարժիչ է հավաքել իր հյուրասենյակում
2026/04/29/ 18:45 -
Ոսկու գինը կրկին նվազել է
2026/04/29/ 18:43 -
Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը․ ԱԳՆ
2026/04/29/ 18:41 -
Բրիտանիայի իշխանությունները նավթավերամշակման գործարաններին կոչ են արել ավելացնել ավիավառելիքի մատակարարումները
2026/04/29/ 18:40 -
Հայտնի է Վերջին զանգի օրը
2026/04/29/ 17:47 -
Տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2026/04/29/ 17:22 -
Փարիզում բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը
2026/04/29/ 17:18 -
Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել ներդրումային ներգրավվածությունը Հայաստանում
2026/04/29/ 17:16 -
ԵՄ-ն Ուկրաինային տրամադրելիք առաջին վարկը կուղղի ԱԹՍ-ների արտադրությանը
2026/04/29/ 17:14 -
Ռուսաստանը երկարաձգել է դաշնության տարածքում օտարերկրյա վարորդների գտնվելու ժամկետը
2026/04/29/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․