Տեղական լուրեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային ներկայացուցիչներին
Հանդիպում է տեղի ունեցել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի նորանշանակ և առաքելությունն ավարտող Կովկասի տարածաշրջանային տնօրենների ու հայաստանյան գրասենյակի ղեկավարների հետ։ Փոխվարչապետը շնորհավորել է Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն:
ՀՀ-ն և ՕՊԵԿ-ի հիմնադրամը ստորագրել են 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր
Ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության պայմանագիրը։ Այն ուղղված է գործարար ու ներդրումային միջավայրի կատարելագործմանը, առևտրի խթանմանը, ինչպես նաև երկրի կանաչ, ներառական և դիմակայուն զարգացման ապահովմանը:
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում չվճարված հարկերի գանձման և արգելանքի նոր կարգը
Ըստ ՊԵԿ-ի՝ օրենսդրական փոփոխություններով էլեկտրոնային հիշեցումից հետո 7 օրացուցային օրվա ընթացքում պարտավորությունը չկատարելու դեպքում, հարկայինը նույն օրը որոշում է կայացնում բանկային հաշիվների և գույքի վրա արգելանք դնելու մասին։ Եթե 30 օրվա ընթացքում պարտքը չի մարվում, գործն ուղարկվում է ՀԿԱԾ՝ բռնագանձման։
Հայկական ապրանքները մրցունակ են եվրոպական շուկայում. Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի նախարարը ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է տեղական արտադրանքի արտահանման ընդլայնման և եվրոպական շուկա մուտքի դյուրացման հարցերը։ Նախարարը շեշտել է, որ հայկական ապրանքները չեն զիջում եվրոպականին, և տեղական ընկերությունները պատրաստ են երկարաժամկետ գործընկերության։
Forbes-ն անդրադարձել է Հայաստանում $120 մլն արժողությամբ ԱԲ կենտրոնի բացմանը
Հեղինակավոր պարբերականը ծավալուն հոդված է նվիրել հունիսի սկզբին Գագարին ավանում բացված արհեստական բանականության տվյալների կենտրոնին։ Այս «ԱԲ գործարանում» տեղադրված են համաշխարհային շուկայում ամենահզոր NVIDIA Blackwell B300 գրաֆիկական պրոցեսորներից (GPU) 512 միավոր, ինչը Հայաստանին հնարավորություն է տալիս դառնալ տարածաշրջանային ԱԲ հզոր կենտրոն:
Միջազգային լուրեր
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ. նրա կարողությունը նվազել է մինչև $957 մլրդ
Շուկայական տատանումների հետևանքով աշխարհի ամենահարուստ մարդու անձնական հարստությունը կրճատվել է 118 միլիարդ դոլարով։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին SpaceX-ի պատմական IPO-ից հետո Մասկը դարձել էր մարդկության պատմության մեջ առաջին պաշտոնական տրիլիոնատերը, սակայն այդ կարգավիճակը պահպանեց ընդամենը երկու շաբաթ։
SpaceX-ի բաժնետոմսերը պատմական ռեկորդից նվազել են ավելի քան 30%-ով
Բորսայական վերջին սակարկությունների ընթացքում Իլոն Մասկի տիեզերական ընկերության արժեթղթերը գրանցել են զգալի անկում (միայն հունիսի 22-ին՝ 9.08%-ով՝ հասնելով $168.2-ի)։ Սա անկման արդեն 3-րդ օրն է անընդմեջ, և ընթացիկ գինն էականորեն ցածր է նախորդ շաբաթ գրանցված պատմական առավելագույնից ($225.64)։
ԱՄՆ-ում առաջարկում են $1.5 տրլն ներդնել բաժնետոմսերում՝ կենսաթոշակային ֆոնդերը փրկելու համար
Նպատակային ֆոնդերի սպառումը կանխելու համար, որը կարող է տեղի ունենալ արդեն 2032 թվականին, առաջարկվել է սոցիալական ապահովության համակարգի բարեփոխում։ Եթե պետությունը չմիջամտի ֆոնդային շուկայում ներդրումներ անելու միջոցով, 2032-ի չորրորդ եռամսյակից հետո կենսաթոշակների պարտավորությունների ծածկույթը կնվազի մինչև 78%։
Գերմանիան 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 0.4%
Գերմանական արդյունաբերական ասոցիացիան նախկին 1%-ի փոխարեն տնտեսական աճն այս տարի կանխատեսում է 0.4%: Պատճառը արդյունաբերական բազայի վրա աճող ճնշումներն են, բարձր ծախսերը, ինչպես նաև Իրանում պատերազմի հետևանքով էներգակիրների գների տատանումներն ու մատակարարման շղթաների խաթարումը։

