ABNews

ABN Media-ի կանոնադրությունը

«Armenian Business News Media» խմբագրական քաղաքականության և ներքին հարաբերությունների կանոնակարգ

I. Ներածություն

Կանոնակարգի նպատակը.

  • Կարգավորել ներքին հարաբերությունները
  • Սահմանել ենթակարգությունը և որոշումների ընդունման մակարդակները
  • Սահմանել նյութերի պատրաստման, որակյալ ու պատասխանատու լրատվություն ապահովելու սկզբունքները՝ հանրային վստահությունը մեծացնելու համար
  • Ապահովել գործունեության թափանցիկությունն ու անկախությունը բիզնես և քաղաքական ցանկացած ճնշումներից

II. Ընդհանուր դրույթներ

1. Լրատվամիջոցի առաքելությունն ու արժեքները

Լրատվամիջոցի առաքելությունն է իր լսարանին տրամադրել՝

  • Հավաստի, ստուգված տեղեկություններ (հատկապես գործարար, տնտեսական և ֆինանսական ոլորտներում)
  • Հանրային կարևորություն ունեցող խնդիրների վերաբերյալ հասարակության մեջ եղած հիմնական տեսակետները
  • Անհրաժեշտության դեպքում՝ նաև խմբագրության տեսակետը՝ այդ մասին հստակ նշումով
  • Հետաքրքիր և օգտակար բիզնես ժամանցային նյութեր, վերլուծություններ
  • Որակյալ գովազդային և տեղեկատվական ծառայություններ

Լրատվամիջոցի արժեքներն են՝

  • Անաչառություն և անկողմնակալություն
  • Տեղեկությունների հավաստիություն
  • Փաստերի և կարծիքների խիստ տարանջատում
  • Հարգանք մարդկանց և ընկերությունների անձնական ու գործարար համբավի նկատմամբ
  • Խմբագրության տեսակետը խոչընդոտ չէ այլ՝ հակադիր տեսակետներ ներկայացնելուն
  • Գործարար էթիկայի նորմերի անխտիր պահպանում

2. Խմբագրական անկախությունը քաղաքական, տնտեսական, կրոնական կամ այլ ճնշումներից

  • Խմբագրության դավանած արժեքների իրացումը, խմբագրական քաղաքականությունը, տեղեկությունների և գաղափարների տարածումը կախված չեն սեփականատերերի, քաղաքական, տնտեսական, կրոնական կամ այլ կազմակերպությունների շահերից
  • Գովազդատուները կամ հովանավորները տեղեկությունների այլ աղբյուրների կամ տեղեկությունների օբյեկտների նկատմամբ լուսաբանման որևէ առավելություն չունեն

3. Լսարանի առջև հաշվետվողականություն և հանրային պատասխանատվություն

  • Հետևելով օրենքի պահանջին՝ խմբագրությունն ամեն տարի հրապարակում է իր եկամուտների մասին հաշվետվությունը
  • Լսարանի առջև բացահայտում է իր սեփականատերերին և նրանց բիզնես շահերը
  • Շահերի բախում առաջանալու դեպքում խմբագրությունն իրազեկում է այդ մասին
  • Խմբագրությունում սահմանվում է հանրային բողոքներին և հարցումներին արձագանքելու հստակ կարգ
  • Խմբագրությունը հետևում է սոցիալական ցանցերի իր էջերի մեկնաբանություններին, մոդերացնում է դրանք՝ բացառելու համար ատելության խոսքն ու վիրավորանքները, և արձագանքում է առողջ քննադատություններին

III. Խմբագրական գործունեություն

1. Խմբագրական որոշումների ընդունման մակարդակը

  • Գլխավոր խմբագիրը պատասխանատու է ողջ բովանդակության համար, եթե այլ պատասխանատու չի նշանակվում
  • Սահմանվում է, թե ովքեր են որոշում ընդունում այս կամ այն տնտեսական կամ գործարար թեմայով նյութերի հրապարակման վերաբերյալ
  • Սահմանվում է բաժինների խմբագիրների, մեկնաբանների, լրագրողների և թողարկիչների որոշումների կայացման իրավասությունները և պատասխանատվության շրջանակները
  • Հրապարակման մեջ առկա փաստերի ստուգման պատասխանատուն նյութի հեղինակ լրագրողն է, եթե խմբագրությունը փաստերի ստուգման առանձին թիմ չունի

2. Գովազդի և խմբագրական բովանդակության խիստ տարանջատում

  • Խմբագրական բովանդակությունը պետք է խստորեն տարանջատված լինի գովազդից
  • Ցանկացած հրապարակում, որի դիմաց վճարվել է (գովազդային հոդված, մամուլի հաղորդագրություն, գործարար հովանավորությամբ նյութ), պետք է ունենա համապատասխան հստակ նշում («Գովազդ», «Հովանավորված» կամ «Գործընկերոջ նյութ»)
  • Գովազդատուների և հովանավորների գործունեության մասին, ինչպես նաև բիզնեսի թեմայով նյութերը պետք է ունենան բովանդակային սահմանափակումներ այնպես, որ դրանք չկրեն միակողմանի գովազդային բնույթ կամ չընկալվեն իբրև անկախ լրագրողական հետազոտություն

3. Անանուն աղբյուրների օգտագործման կանոններ և աղբյուրների պաշտպանություն

  • Բոլոր հնարավոր դեպքերում հղում կատարել հստակ աղբյուրներին
  • Հնարավորինս խուսափել անանուն (խորհրդապահական) աղբյուրներ օգտագործելուց
  • Պահպանել աղբյուրներին տված խոստումներն ու նրանց առջև ստանձնած պարտավորությունները
  • Գաղտնիության պայմանավորվածության դեպքում աղբյուրի մասին տեղյակ պահել միայն գլխավոր խմբագրին և/կամ կանոնակարգով սահմանված այլ իրավասու աշխատակցին (օրինակ՝ բաժնի խմբագրին)
  • Հրապարակման համար չնախատեսված (off the record) տեղեկությունները հայտնել միայն գլխավոր խմբագրին. վերջինս կարող է, հանրային կամ տնտեսական գերակա շահ տեսնելու դեպքում, որոշում կայացնել նման տեղեկությունը ամբողջական կամ մասնակի հրապարակելու մասին
  • Ընդունելով և հարգելով հարցազրույցի նկատմամբ կողմերի համահեղինակությունը՝ տեղեկությունը, սակայն, չի կարող հեռացվել զրուցակցի կամայական պահանջի դեպքում, եթե խմբագրությունը դրա հրապարակումը դիտարկում է որպես հանրային գերակա շահ և հասարակության տեղեկացված լինելու իրավունք

4. Փաստերի ստուգման ներքին ընթացակարգ

  • Նյութը հրապարակման հանձնելուց առաջ լրագրողները պետք է փաստերը ստուգեն առնվազն երկու աղբյուրից, այդ թվում՝ նույնականացվող տեղեկատվության աղբյուրից՝ չաթ բոթերից կամ չստուգված սոցհարթակներից տարածվող ապատեղեկատվությունը կանխելու համար
  • Անհրաժեշտ է ստուգել ոչ միայն ինքնին փաստերը, այլև դրանց առնչվող ժամանակային, բովանդակային համատեքստը (հատկապես ֆինանսական հաշվետվությունների և շուկայական տվյալների դեպքում)
  • Խմբագիրները լրագրողների նյութերում առկա փաստերին կասկածելու դեպքում պարտավոր են մինչ հրապարակումը ստուգել դրանց հավաստիությունը
  • Ստուգել նույնիսկ այն դեպքում, երբ համոզված եք, որ ճիշտ գիտեք ընկերության անվանումը, պաշտոնատար անձի տվյալները կամ գործարքի մանրամասները
  • Պաշտոնական վիճակագրական տվյալները, օրենքները, իրավական ակտերը և ընկերությունների ռեգիստրի տվյալները պարտադիր է ճշտել պաշտոնական աղբյուրներից
  • Փաստաթղթերից կամ գրավոր աղբյուրներից մեջբերումները պետք է կատարել՝ պահպանելով բնագրի տեքստը
  • Ստուգված փաստերը պետք է ունենան համապատասխան հղումներ

IV. Աշխատանքային հարաբերություններ

Խմբագրությունը բոլոր աշխատակիցների հետ կնքում է գրավոր պայմանագրեր՝ սահմանելով՝

  • Աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները
  • Ենթակայությունը (սուբորդինացիան)
  • Իրավունքները գերազանցելու կամ պարտավորությունները չկատարելու դեպքում պատասխանատվությունը
  • Պայմանագիրը լուծարելու պայմանները

ա) Լրագրողների իրավունքները

  • Լրագրողներն իրավունք ունեն հրաժարվելու իրենց հանձնարարված թեման լուսաբանելուց, եթե տվյալ թեման հակասում է իրենց էթիկական կամ այլ հայացքներին, վերաբերում է իրենց մերձավորներին կամ գործընկերներին, կամ եթե առկա են շահերի բախման այլ վտանգներ
  • Լրագրողներն իրավունք ունեն պարզաբանում ստանալու իրենց չհրապարակված նյութերի մերժման պատճառների վերաբերյալ
  • Եթե նյութը մերժել է անմիջական ղեկավարը, ապա լրագրողներն իրավունք ունեն մերժումը բողոքարկելու գլխավոր խմբագրին
  • Բաժինների խմբագիրներն իրավունք ունեն մերժելու լրագրողի նյութը՝ պարզաբանելով մերժման պատճառները

բ) Լրագրողների պարտականությունները

  • Լրագրողները պարտավոր են ժամանակին և որակով կատարել ղեկավարների հանձնարարությունները
  • Նյութերը պատրաստել, լուսանկարներն ու տեսանյութերն ընտրել խմբագրության ներքին կանոնակարգով սահմանված չափանիշներին համապատասխան
  • Ապահովել փաստերի ճշտումը և ներկայացնել բացառապես հավաստի տեղեկություններ
  • Շահերի բախում առաջանալու դեպքում անպայման այդ մասին տեղեկացնել գլխավոր խմբագրին և/կամ բաժնի պատասխանատուին

Իրենց պարտականությունները ժամանակին և որակով չկատարելու դեպքում լրագրողները կարող են պատասխանատվության ենթարկվել ՀՀ օրենսդրության և ներքին աշխատանքային կարգապահական կանոնների շրջանակներում։

V. Լրատվական տեքստերին, վերնագրերին, լուսանկարներին, տեսանյութերին, հարցազրույցներին ներկայացվող պահանջները

  • Խմբագրությունը սահմանում է լրատվական տեքստերի միասնական ոճ՝ առաջնային համարելով ի՞նչ, ո՞վ, ե՞րբ, ինչո՞ւ, որտե՞ղ հարցերին պատասխանելու սկզբունքը
  • Լրատվական նյութի վերնագիրը և լիդը (առաջին պարբերությունը) պետք է բացահայտեն նյութի էությունը՝ մանրամասները թողնելով հետագա շարադրանքին
  • Խորհուրդ է տրվում վերնագրում ունենալ գործողություն արտահայտող բայ, որով կբացահայտվի տեղի ունեցածը
  • Լուսանկարները պետք է անմիջական կապ ունենան լրատվական տեքստի հետ
  • Տեսանյութերը պետք է լրացնեն տեքստը և ոչ թե պարզապես կրկնեն այն
  • Լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի կամ տեխնիկական այլ միջամտության մասին պետք է հստակ իրազեկել լսարանին
  • Ոչ սեփական լուսանկարների և տեսանյութերի օգտագործման դեպքում խստորեն պահպանել հեղինակային իրավունքը, ստանալ թույլտվություն և նշել աղբյուրը
  • Ուղղակի խոսքի մեջբերումները պետք է հնարավորինս համապատասխանեն բանավոր հնչածին. թույլատրվում է սահմանափակ խմբագրում լեզվական անհարթությունները շտկելու համար, առանց իմաստային խեղաթյուրման
  • Խմբագրությունը մշակում և բոլոր աշխատակիցներին է տրամադրում տերմինների, հապավումների և անունների գրության միասնական ուղեցույց
  • Տեսաձայնագրված հարցազրույցները հեռարձակվում են առանց իմաստային խեղաթյուրման խմբագրման, բացառությամբ ատելության խոսքի կամ օրենքով արգելված կոչերի առկայության դեպքերի
  • Տեքստային հարցազրույցներում պահպանել զրուցակցի ոճն ու բառապաշարը՝ թույլ տալով միայն անհրաժեշտ լեզվաբանական շտկումներ

VI. Սոցիալական մեդիայում ներկայություն և սոցցանցային անձնական էջերում լրագրողների վարքի կանոններ

1. Թափանցիկություն

  • Հստակ պետք է նշել՝ տվյալ օգտահաշիվը պաշտոնական է, թե՞ անձնական
  • Լրատվամիջոցի պաշտոնական օգտահաշիվները վարելու իրավունք ունեն միայն դրա համար լիազորված անձինք
  • Լրագրողի կամ խմբագրության այլ աշխատակցի անհատական օգտահաշվում նշվում է ամբողջական անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը
  • Արգելվում է ստեղծել և վարել կեղծ ինքնությամբ օգտահաշիվներ (ֆեյքեր)

2. Օգտահաշիվների բովանդակությանը ներկայացվող պահանջներ

  • Սոցիալական մեդիայի հրապարակումներում պետք է պահպանել խմբագրության կանոնակարգով սահմանված չափանիշները
  • Ստուգել հրապարակվող փաստերը, դրանք առանձնացնել սեփական կարծիքներից և մեկնաբանություններից
  • Հարգել հեղինակային իրավունքը նաև սոցցանցերում
  • Անհատական օգտահաշիվներով չպետք է տարածել հայտարարություններ կամ կատարել գրառումներ, որոնք կարող են ընկալվել որպես քաղաքական կողմնակալության, ռասայական, սեռական, կրոնական կամ այլ հիմքով խտրականության դրսևորում

3. Խուսափել շահերի բախումից սոցիալական մեդիայում

  • Խորհուրդ չի տրվում անհատական և պաշտոնական օգտահաշիվներում տեղադրել քաղաքական կամ կուսակցական խորհրդանիշներ
  • Հատկապես ուշադիր պետք է լինել որևէ քաղաքական կամ նեղշահագրգիռ խմբի անդամագրվելիս կամ հետևելիս
  • Սոցցանցային խմբերին անդամակցելը կարող է հետապնդել միայն տեղեկացված լինելու նպատակ, բայց երբեք՝ ակտիվ մասնակցություն քարոզչական ակցիաներին, ինչը կարող է վտանգել լրագրողական անկախությունը

VII. Արհեստական բանականության (ԱԲ) օգտագործման կանոններ

  • Անպայման պետք է հստակ նշել, եթե տվյալ բովանդակությունը, լուսանկարը, պատկերը կամ տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության գործիքների միջոցով
  • Հաշվի առնել, որ ԱԲ գործիքները կարող են անտեսել հեղինակային իրավունքները, հետևաբար պարտադիր է ստուգել համապատասխանությունը հեղինակային իրավունքի նորմերին
  • Զգուշությամբ օգտագործել ԱԲ գործիքները՝ խուսափելով անձնական կամ գաղտնի տվյալների անօրինական մշակումից
  • Խիստ զգույշ լինել ԱԲ-ի ստեղծած տեղեկությունները տարածելիս, քանի որ դրանք կարող են պարունակել ապատեղեկատվություն կամ դիփֆեյքեր (deepfakes)
  • ԱԲ-ի միջոցով ստացված ցանկացած տվյալ ենթակա է պարտադիր ստուգման վստահելի և այլ այլընտրանքային աղբյուրներից
  • ԱԲ տեխնոլոգիաների կիրառմանը զուգահեռ՝ խմբագրությունում խրախուսել լրագրողների ստեղծագործական մտածողությունը, վերլուծական հմտությունները և մասնագիտական պատասխանատվությունը
ABN Media-ի կանոնադրությունը | ABNews