ABNews

Հուլիսի 9-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/09 19:19

Հուլիսի 9-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ

Հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին պետությունը 3.1 մլրդ դրամից ավելի աջակցություն կտրամադրի

Միայն հունիս ամսվա ընթացքում իրականացված մեծածավալ արտահանման դիմաց պետությունը տնտեսվարողներին կվճարի ավելի քան 3 միլիարդ 140 միլիոն դրամ։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ հունիսին արտահանվել է 3000 տոննա ծիրան, 1400 տ կեռաս, 784 տ պղպեղ, 200 տ լոլիկ, 109 տ ելակ, ինչպես նաև 1.5 մլն լիտր բնական հանքային ջուր և 230 հազար շիշ խաղողի գինի (1.3 լ հաշվարկով)։

Նիկոլ Փաշինյան. Զբոսաշրջային մեծ հոսքերն ամբողջությամբ լուծում են մթերքի սպառման խնդիրը

Կառավարության նիստում վարչապետը նշել է, որ թեև ծիրանի գերբերքատվություն չկա, սակայն Հայաստան օրական մուտք գործող ավելի քան 10,000 ուղևորի հոսքը լիովին ապահովում է սպառումը, և շուկայում էական գնանկում չկա։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին հավելել է, որ միայն մեկ օրում արտահանվել է 139,000 հատ ծաղիկ, և հիշեցրել ջերմատնային արտադրանք, թարմ պտուղ ու խմիչք արտահանողների պետական աջակցության ծրագրի մասին։

ՎԶՄԲ-ն 284.4 մլն դոլար կհատկացնի 109 հազար տեղահանված անձանց բնակարանային ապահովման համար

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) կֆինանսավորի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ռազմավարական ծրագիրը։ 284.4 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ նախագծի միջոցներն ուղղվելու են երեք հիմնական նպատակի՝ բնակարանային հասանելիության բարելավմանը, Հայաստանի հիփոթեքային շուկայի հզորացմանն ու ընդլայնմանը և բնակարանային քաղաքականության կատարելագործմանը։

Հայաստանի ԱԷԿ-ի արդիականացման համար 2026թ. կհատկացվի ավելի քան 20.1 մլրդ դրամ բյուջետային վարկ

Կառավարությունը սահմանել է ատոմակայանի արդիականացման համար բյուջետային վարկ տրամադրելու պայմանները, որի շրջանակում ընթացիկ տարվա համար նախատեսվել է 20 միլիարդ 111 միլիոն դրամ։ Որոշումը թույլ կտա սահմանված ժամկետներում կնքել պաշտոնական համաձայնագրերը, օպերատիվորեն կատարել վճարումները և խուսափել աշխատանքների տեխնիկական հապաղումներից։

Կարգելվի սահմանամերձ գոտում կառուցվող տների բռնագրավումն այլ պարտքերի դիմաց

Նոր նախագծի նպատակն է պաշտպանել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող շահառուներին՝ կանխելով գույքի կորուստը, եթե նրանք ունեն այլ վարկային ժամկետանց պարտավորություններ։ Այս կարգավորումն ունենալու է հետադարձ ուժ և տարածվելու է 2023 թվականի հունվարի 1-ից հետո տրամադրված բոլոր վարկերի վրա։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը գրեթե ամբողջությամբ կանգ է առել. Bloomberg

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեպի հասցված հարվածների երկրորդ օրը Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը գրեթե ամբողջությամբ դադարել է։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նախորդ օրը նեղուցով երկու ուղղություններով անցել է ընդամենը մոտ 14 բեռնատար նավ։ Շարժվող եզակի նավերից է եղել ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող իրանական մի սուպերտանկեր՝ կոնտեյներատար նավի ուղեկցությամբ։

Դոնալդ Թրամփը պատրաստվում է էմբարգո սահմանել Իսպանիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Politico-ն հաղորդում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը նախապատրաստում է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակից Իսպանիայից ներմուծվող ապրանքների արգելքը։ ԱՄՆ ֆինանսների և առևտրի նախարարությունները առաջիկա օրերին Թրամփին կներկայացնեն «իսպանական ապրանքների ցանկը»։ Սպիտակ տան այս քայլը կարող է լայնածավալ առևտրային պատերազմ հրահրել ԱՄՆ-ի և Եվրոպական միության միջև։

Չինաստանում հումանոիդ ռոբոտների արտադրությունն այս տարի կգերազանցի 100 հազարը

Արհեստական բանականության (ԱԲ) էկոհամակարգի զարգացումը Չինաստանում խթանում է մարդանման ռոբոտների արտադրությունը, որի ծավալները 2026 թվականին կարող են անցնել 100,000 միավորի շեմը։ Տեխնոլոգիական թռիչքի ֆոնին երկրի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում ԱԲ-ի կիրառման մակարդակն արդեն գերազանցել է 30%-ը։

ԱՄՀ-ն հաստատել է Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 1.1%

Միջազգային արժույթի հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ Ռուսաստանի ՀՆԱ աճը 2026 և 2027 թվականներին կկազմի 1.1% (2024-ի 4.9%-ի և 2025-ի 1%-ի համեմատ)։ Ըստ հիմնադրամի՝ հումքային ապրանքների գների բարձրացումն ու արտահանման եկամուտների աճը մասամբ բարելավում են Ռուսաստանի տնտեսության վիճակը՝ թույլ տալով պահպանել աճի տեմպերը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը