Մեծ Բրիտանիայում մոտ 104 հազար մարդ կարող է կորցնել աշխատանքը Մերձավոր Արևելքում տիրող հակամարտության հետևանքով։ Այսպիսի եզրակացության են եկել տնտեսագետները, գրում է The Telegraph-ը։
Պարբերականի տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքները կարող են հանգեցնել երկրում գործազրկության մակարդակի հետագա աճի։ Ներկայում այն հասել է վերջին հինգ տարվա առավելագույն ցուցանիշին՝ 5,2%։
ING ներդրումային բանկի ներկայացուցիչ Ջեյմս Սմիթի գնահատմամբ՝ իրավիճակը մեծապես կախված է էներգակիրների գների դինամիկայից։
«Գործազրկությունը կախված է նրանից, թե որքան ժամանակ էներգակիրների գները բարձր կմնան։ Եթե մատակարարման ընդհատումները տևեն մոտ երեք ամիս, ապա, կարծում եմ, գործազրկության մակարդակը կգերազանցի 5,5%-ը», – նշել է Սմիթը։
Տնտեսագետները կարծում են, որ էներգակիրների թանկացումը կարող է գործատուներին ստիպել փոխհատուցել ծախսերի աճը հաստիքների կրճատման միջոցով։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ, ինչից հետո տարածաշրջանում լարվածությունը կտրուկ աճել է՝ ընդգրկելով նաև այլ երկրներ և ամերիկյան օբյեկտներ։

