Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը
Լուրեր |
Ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։
Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը, որի ղեկավարը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն է:
«Մենք՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներ ու ներկայացուցիչներ հանդիսացողներս, հայտնում ենք մեր խորին մտահոգությունը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։
Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։
Մենք գիտակցում ենք, որ «Հովանավոր տերության» ինստիտուտը վերջին տասնամյակների ընթացքում չի կիրառվել ու կարող է անսովոր թվալ այսօրվա համատեքստում, սակայն բացառիկ և ապօրինի հանգամանքները, որի հետ առնչվում ենք, պահանջում են հենց այսպիսի բացառիկ միջոցներ։ Ադրբեջանը շարունակում է մեկուսացված պահել հայ գերիներին իրենց ընտանիքներից, անկախ փաստաբաններից և մարդասիրական գործունեություն իրականացնող անկողմնակալ կառույցներից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է»,-մասնավորապես ասվում է նամակում։
Նշելով, որ առնվազն 19 անձ այս պահին պահվում է Բաքվում, նրանց հարազատներն արձանագրում են, որ այս իրավիճակը հանգեցրել է իրավունքի պաշտպանության լուրջ վակուումի՝ ստեղծելով բռնության ենթարկվելու, վատ վերաբերմունքի արժանանալու և նույնիսկ բռնի անհետացման բարձր ռիսկեր։
«Հաշվի առնելով այս հրատապ և արտակարգ հանգամանքները, ինչպես նաև Շվեյցարիայի՝ որպես ԿԽՄԿ-ն հյուրընկալող և միջազգային մարդասիրական իրավունքի գլխավոր աջակից պետության կարգավիճակը, ամենայն հարգանքով խնդրում ենք՝
- Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի այն ստանձնի «Հովանավոր տերության» դերակատարությունն Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների նկատմամբ,
- Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը՝ բավարարել Հայաստանի դիմումը և գործել որպես «Հովանավոր տերություն»՝ հնարավորին չափ պաշտպանելով գերիների իրավունքներն ու արժանապատվությունը,
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես «Հովանավոր տերության» փոխարինող, աջակցել այս նշանակմանը և օգնել Շվեյցարիային իր գործառույթների իրականացման գործում։
Ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները և մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի կառավարություններին ձեռնարկել համապատասխան քայլեր իրենց մանդատի շրջանակում, և դա անել ճիշտ ժամանակին։ Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրում ենք աջակցել, որպեսզի ապահովվի միջազգային իրավունքի արդյունավետ կիրառումը և էթնիկ հայերի իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ շարունակվող խախտումների պայմաններում»,-նշվում է նամակում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․