Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով

Ընդհանուր առմամբ, BBI վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց։

Տարեսկզբից Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի ընդհանուր կարողությունն աճել է 16,106 միլիարդ դոլարով։ Այս մասին են փաստում Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալները։

Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժնեմաս ունեն։ Որոշ ընկերությունների համար հաշվարկն իրականացվում է՝ ելնելով դրանց կապիտալացման և EBITDA-ի հարաբերակցությունից կամ մեկ բաժնետոմսի գնի և մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթի հարաբերակցությունից։

Ընդհանուր առմամբ, BBI վարկանիշը ներառում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց, և այժմ դրանում ընդգրկված են Ռուսաստանի 20 քաղաքացիներ, որոնց ընդհանուր կարողությունը մայիսի 1-ի դրությամբ կազմում է 315,3 միլիարդ դոլար։

Մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը, որի կարողությունը տարեսկզբից աճել է 31,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 651 միլիարդի։

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը (նրա կարողությունն աճել է 55,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 325 միլիարդի) և Սերգեյ Բրինը (նրա կարողությունն աճել է 51,3 միլիարդ դոլարով՝ հասնելով 301 միլիարդի)։

Վարկանիշի չորրորդ հորիզոնական է իջել Amazon առցանց ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունն աճել է 29,8 միլիարդ դոլարով՝ հասնելով 283 միլիարդի։ Աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց ցանկը, ինչպես և մեկ ամիս առաջ, եզրափակում է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը․ նրա կարողությունը նվազել է 16,4 միլիարդ դոլարով՝ հասնելով 217 միլիարդի։