15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին

Բջջային հավելվածներ, համացանց, էլեկտրոնային առևտուր, գլոբալ հասանելիություն, սոցիալական մեդիա, արհեստական բանականություն և անօդաչու սարքեր։

Վերջին երկու տասնամյակում բիզնեսի դեմքը վերափոխող ուժերի պակաս կարծես թե չկա։

Սակայն ավելի ուշադիր նայելիս ի հայտ է գալիս միանգամայն այլ պատկեր. ընկերությունների կառավարման առօրյա իրականության զգալի մասը համառորեն մնում է անփոփոխ։ Եվ այս հաստատուն գործոնների գիտակցումը ոչ թե նոստալգիա է, այլ գործնական անհրաժեշտություն։ Սրանք այն բարդությունները, սովորույթները և մարդկային փոխհարաբերություններն են, որոնք մինչ օրս կանխորոշում են բիզնեսի արդյունավետությունը։

Վերջին քսան տարիների նորարարությունները ստեղծել են պատրանք, թե բիզնեսն ամբողջությամբ արդիականացվել է, բայց ընկերությունների ներքին կյանքը հակառակի մասին է փաստում։ Շատ կազմակերպություններ դեռևս առաջնորդվում են թղթային վճարումներով, ուռճացված ժողովներով, աշխատակիցների ընտրության հնացած մեթոդներով և կատարողականի գնահատման համակարգերով, որոնք տասնամյակներ շարունակ էական փոփոխության չեն ենթարկվել։

«Տրանսֆորմացիոն» ջանքերի մեծ մասը կենտրոնացել է գործիքների, այլ ոչ թե համակարգերի վրա։ Արդյունքում՝ ընկերությունները հիմնովին չեն փոխել աշխատանքի կատարման ձևը, այլ պարզապես հին գործընթացների վրա ավելացրել են թվային շերտեր։ Ստացվել է մի իրավիճակ, երբ բիզնեսն առերևույթ ժամանակակից է, սակայն գործառնական առումով մնացել է նույն տեղում՝ բախվելով նույն խնդիրներին, անարդյունավետությանը և բացթողնված հնարավորություններին։

Իրականում բիզնեսների մեծ մասը շարունակում է գործել հին սկզբունքներով՝ հիմնված մարդկային սովորույթների, ժառանգված գործընթացների և ոչ թե կառուցվածքային, այլ մասնակի փոփոխությունների վրա։

Հանգստի սենյակը

Վերցնենք արտադրամասերի հին ու բարի հանգստի սենյակը։ Այն դեռ տեղում է՝ հաճախ թափթփված, ոչ այնքան մաքուր, սառնարանում մոռացված ինչ-որ կաթնաշոռով և մի քանի երերուն սեղաններով։ Իմ հաճախորդներից ոմանք դեռ օգտագործում են ավանդական սրճեփներ, թեև շատերն անցել են պատիճային (capsule) մեքենաների։ Սակայն էությունը նույնն է. մարդիկ դեռ սուրճի կարիք ունեն օրվա ծանրաբեռնվածությունը հաղթահարելու համար, իսկ հանգստի սենյակը մնում է աշխատավայրի ամենաանտեսված և անշուք անկյուններից մեկը։

Թղթային չեկեր

Արդյո՞ք բիզնեսն ամբողջությամբ թվայնացվել է։ Ամենևի՛ն։ Ատլանտայի Դաշնային պահուստային բանկի 2024 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև 10 միլիոն դոլար տարեկան եկամուտ ունեցող փոքր ձեռնարկությունների մինչև 83%-ը դեռևս օգտագործում է թղթային չեկեր։ Մեկ այլ ուսումնասիրություն նմանատիպ ցուցանիշ է արձանագրել՝ 75%։ Իսկ MineralTree վճարային համակարգի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում բիզնեսների 57%-ն իր մատակարարների քառորդից ավելիին վճարել է չեկերով։ Չնայած համատարած թվայնացման մասին խոսակցություններին՝ թուղթը դեռևս ամուր նստած է ընկերությունների գործառնական համակարգում։

Հեռախոսներ և ընդունարանի աշխատակիցներ

Թեև ավելանում են AI «վիրտուալ քարտուղարներ» առաջարկող ընկերությունները, և շատ բիզնեսներ (ներառյալ իմը) օգտագործում են ավտոմատացված հեռախոսակապ, ամեն ինչ դեռ պտտվում է հին ու ծանոթ գործիքի՝ հեռախոսի շուրջ։

Մինչ տներում քչերն են քաղաքային հեռախոս պահում, ցանկացած աշխատավայրում այսօր էլ կտեսնեք սեղանի հեռախոսներ, որոնք ակտիվորեն կիրառվում են։ Բացի այդ, չնայած ավտոմատացմանը, շատ գործատուներ նախընտրում են մարդ-ադմինիստրատորների, որպեսզի հաճախորդը շփվի իրական մարդու, այլ ոչ թե բոտի հետ։

Թիմի համախմբում (Team building)

Արդյունաբերական հեղափոխության ժամանակներից ի վեր ընկերությունները կազմակերպում են միջոցառումներ՝ տոներ, ծննդյան տարեդարձեր, սպորտային խաղեր կամ խորովածի երեկոներ։ Այս ավանդույթը գրեթե չի փոխվել։ Եվ այո՛, շատ աշխատակիցներ նախկինի պես սարսափով են սպասում այդ միջոցառումներին՝ չնայած գործատուների ջանքերին՝ «թիմ կառուցել» և ցույց տալ իրենց հոգատարությունը։ Պարկերով վազքի մրցույթ ցանկացող կա՞։

Առաքում և ընդունում

Մտեք այսօրվա ցանկացած բեռնման կետ. պատկերը գրեթե նույնն է, ինչ 2006-ին։ Փոշոտ, հնամաշ համակարգիչ՝ հնացած ծրագրով, թղթի կտորներ, կպչուն ժապավեն և, իհարկե, թղթապանակ-սեղմակներ (clipboards)։ Հոգնած վարորդներն ու պահեստի աշխատողները տեղաշարժում են բեռնատակդիրները (pallets) ճիշտ այնպես, ինչպես անում էին տասնամյակներ առաջ։ Ինչքան էլ առաջընթաց լինի այլ ոլորտներում, այս հատվածը թվում է ժամանակից դուրս։

Ժողովներ

Հիշո՞ւմ եք ժամանակները, երբ մարդիկ ողջ օրն անցկացնում էին ժողովների մեջ։ Ոչինչ չի փոխվել։ Եթե մի բան էլ փոխվել է, ապա Zoom-ի և Teams-ի նման գործիքները միայն հեշտացրել են դրանց նշանակումը՝ հաճախ ավելի խորացնելով անարդյունավետությունը։

Այցեքարտեր

Ինքս ինձ անընդհատ ասում եմ, որ կարիք չկա համաժողովներին այցեքարտ տանել, բայց միշտ էլ առնվազն մի քանի հոգի հարցնում են։ Տեխնոլոգիաները դեռևս չեն ստեղծել կոնտակտների փոխանակման այնպիսի հարմար տարբերակ, որը կփոխարիներ հին ու բարի թղթե այցեքարտին։

Համաժողովներ

90-ականների վերջին և 2000-ականների սկզբին ծրագրային ապահովման ոլորտի միջոցառումներին մասնակցելիս ես նստում էի հյուրանոցների անպատուհան, դարչնագույն դահլիճներում և լսում ելույթներ։ Սնունդը միջակ էր, խմիչքները՝ ջրիկ, իսկ ընդմիջումներին միշտ նույն շոկոլադե թխվածքաբլիթներն էին։ Ծանոթ պատկեր է, չէ՞։ Որովհետև գրեթե ոչինչ չի փոխվել։

Աշխատանքի ընդունում

Այո՛, կան LinkedIn-ը, Indeed-ը և տաղանդների կառավարման բազմաթիվ հարթակներ։ Բայց ըստ էության, դրանք անում են նույնը, ինչ անում էինք քսան տարի առաջ. հավաքում են ինքնակենսագրականներ, որպեսզի մենեջերը վերջում, հիմնվելով սեփական բնազդի վրա, որոշում կայացնի։ Գործընթացը թվայնացվել է, բայց էությունը մնացել է նույնը, իսկ անկողմնակալ ու ճիշտ ընտրություն կատարելն այսօր ավելի հեշտ չէ, քան նախկինում։

Դեմ առ դեմ շփումը՝ հաջող գործարքի գրավական

Որպես վաճառքի հին մասնագետ՝ ասեմ. ես ավելի շատ գործարքներ եմ կնքում դեմ առ դեմ հանդիպումների, քան նամակագրության կամ առցանց զանգերի միջոցով։ Մարդիկ կապվում են մարդկանց հետ. հարաբերությունները դեռ առաջնային են։ Առցանց կարելի է գիրք կամ շապիկ գնել առանց շփման, բայց խոշոր B2B գործարքների դեպքում հաճախորդը ցանկանում է խոսել իրական մարդու, այլ ոչ թե ավատարի հետ։ Սա չի փոխվել վերջին 20 տարում և դժվար թե փոխվի մոտ ապագայում։

Կատարողականի տարեկան գնահատում

Չնայած երիտասարդ աշխատակիցների՝ մշտական հետադարձ կապի և ավելի հաճախակի գնահատումների պահանջին, ընկերությունների ավելի քան 71%-ը դեռևս հիմնվում է տարեկան մեկ անգամ իրականացվող գնահատումների վրա։ Արդյո՞ք սա երբևէ կփոխվի։

Գույքագրում

Թեև որոշ ընկերություններ սկսել են կիրառել ավելի հաճախակի շրջանառու գույքագրման մեթոդներ, բիզնեսների մեծ մասը և նրանց հաշվապահները դեռևս ապավինում են տարեկան հիմնական գույքագրմանը։ Դա հաճախ նշանակում է ողջ գործունեության դադարեցում մեկ շաբաթով՝ սովորաբար տոների կամ այլ ոչ հարմար ժամանակաշրջանում։

Հարկերից խուսափելը

Անուններ չեմ տա, բայց իմ հաճախորդներից ոչ քչերը դեռ հավատում են, թե կարող են «մատների վրա խաղացնել» հարկայինին՝ լինի դա վճարումներից խուսափելու, անձնական ծախսերը բիզնեսի տակ գրելու, թե հաշիվ-ապրանքագրերի հետ մանիպուլյացիաներ անելու միջոցով։ Դա մի «ռուլետկա» է, որի արմատները հասնում են մինչև Հին Հռոմի հարկահավաքները և որը խաղում են առ այսօր։

Խոշորների գերիշխանությունը

Տարիներ առաջ իմ հաճախորդները դժգոհում էին, որ խոշոր կորպորատիվ գնորդները միտումնավոր ուշացնում են վճարումները, ճնշում են փոքր մատակարարներին, պահանջում անիրատեսական զեղչեր և անտեսում մատակարարման ողջամիտ ժամկետները։ Այս ամենը ոչ միայն չի փոխվել, այլև ավելի է սրվել։

Խտրականություն և ոտնձգություններ

Կարծում եք՝ աշխատավայրում խտրականությունն ու ոտնձգությունները անցյալի մնացուկնե՞ր են։ Սխալվում եք։ Նույնիսկ այսօրվա իրականությունում իրավական հետապնդումները շարունակվում են մեծ մասշտաբներով։ Մարդիկ, ինչպես երևում է, այդքան էլ չեն փոխվում։

Առաջընթացն, անշուշտ, առկա է։ Սակայն փոքր բիզնեսի կառավարման բազմաթիվ կողմեր վերջին երկու տասնամյակում մնացել են գրեթե նույնը։