«Արմենիա» ավիաընկերությունն իր օդանավերի շահագործումը խոչընդոտող պատժամիջոցների պատճառով ստիպված է դադարեցնել թռիչքները Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ՝ 2022 թվականի մարտի 24-ից մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը ներառյալ։
Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։ Չեղարկված թռիչքների ուղևորները կարող են ցանկացած պահի դիմել տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցման համար մինչև 2022 թվականի վերջը կամ վերաթողարկել ապրիլի 15-ից մեկնող թռիչքների տոմսերը՝ առանց հավելյալ վճարների։
«Այս պահին աշխատանքներ են տարվում ստեղծված իրավիճակին այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում։ Փետրվարի 26-ին Եվրամիությունը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնությունում օդանավերի, ուղղաթիռների և այլ ինքնաթիռների մատակարարման և լիզինգի, ինչպես նաև դրանց ապահովագրման և սպասարկման ամբողջական արգելքի մասին։ Մարտի 14-ին ՌԴ նախագահ Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական ավիաընկերություններին վարձակալած օտարերկրյա ինքնաթիռներ շահագործել առանց օտարերկրյա վկայագրի։ Մարտի 22-ի դրությամբ Ռուսաստանը յուրացրել է մոտ 800 օտարերկրյա ինքնաթիռ, իսկ պատժամիջոցների պատճառով կորցրել է 78-ը։.