Որոշվել է Ռուսաստանում McDonald’s-ի նոր անվանումը. որպես նշան կօգտագործվի երկու լատինատառ ՝ Ms, մինչդեռ M-ն կարող է մնալ բրենդավորված,- գրում է «Известия»-ն ՝ վկայակոչելով ռեստորանային շուկայի աղբյուրին։
Հրապարակման զրուցակիցը մանրամասնել է, որ նախագծի մշակմանը մասնակցել է մայր ընկերությունը։ Աղբյուրը հավելում է, որ ռեստորանների ճաշացանկը կոնցեպտուալ առումով չի փոխվի. ուտեստների անվանումները կարող են հնարավորինս մոտ մնալ McDonald’s-ի դասական ճաշացուցակին։ Ըստ զրուցակցի, դատելով գործարքից ՝ ամերիկյան ընկերությունն ունի տարբերակ ՝ մի քանի տարի հետո հետ գնել իր ակտիվները։ Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ McDonald’s-ը Ռուսաստանում իր բիզնեսը վաճառում է Ալեքսանդր Գովորին ՝ ցանցի ֆրանչայզերներից մեկին, ով կառավարում է Սիբիրում 25 ցանցային ռեստորաններ։ Ձեռնարկատերը ձեռք է բերում McDonald’s-ի ողջ պորտֆելը և կզարգացնի ռեստորանները նոր ապրանքանիշի ներքո։
Հիշեցնենք, որ 850 արագ սննդի ռեստորաններից բաղկացած ցանցը ժամանակավորապես փակվել է մարտի սկզբին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով արևմտյան պատժամիջոցների ֆոնին: Մայիսի 16-ին հայտնի դարձավ, որ McDonald’s-ը որոշել է լքել ռուսական շուկան և սկսել է ռուսական բիզնեսի վաճառքի գործընթացը։