Ամերիկացի ձեռնարկատեր ՝ Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը իր մեղքով Twitter-ի գնման գործարքը խափանելու դեպքում 1 միլիարդ դոլար տուգանք կվճարի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Եթե Twitter սոցիալական ցանցը ձեռք բերելու գործարքը խզվի, Մասկը ստիպված կլինի վճարել 1 միլիարդ դոլարի միջնորդավճար։ Հրատարակությունը նշել է, որ գործարքը կարող է խզվել, եթե այն չփակվի մինչև 2022 թվականի հոկտեմբերի 24-ը։ Սակայն հակամենաշնորհային թույլտվություն և օտարերկրյա ներդրումների համար թույլտվություն ստանալու համար այդ ժամկետը կարող է երկարաձգվել վեց ամսով։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Մասկը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը, Մասկի առաջարկից հետո ընկերության բաժնետոմսերը թանկացել են մոտ 6%-ով։
Ավելի ուշ Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը հայտնել է, որ ընկերությունը դեռ չգիտի, թե ինչպես կազդի Իլոն Մասկի կողմից սոցցանցի գնումը իր աշխատանքի և զարգացման ռազմավարության վրա։