ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է ուղեցույց, որը տնտեսվարողներին կօգնի էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցելու հարցում։
Քայլ 1. Էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերն իր օգտանուն-գաղտնաբառով պետք է մուտք գործի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգ և անձնական գրասենյակում՝ հաշվետվությունների բաժնից, ընտրի էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման՝ 154-րդ հայտը:
Քայլ 2. Հայտը բացելուց հետո պահանջվող տվյալները համակարգում լրացվում են ինքնաշխատ, որից հետո անհրաժեշտ է ընտրել արժույթը և սեղմել գրանցել կոճակը։ Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր արժույթի համար հարկ վճարողը պետք է վարի առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք:
Քայլ 3. Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված դրամարկղային գրքերի գրանցման հայտն ստանում է հերթական համար։ Ապա հայտն անհրաժեշտ է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկել file-online.taxservice.am համակարգի միջոցով։
Քայլ 4. Կազմակերպության կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատիրոջ կողմից գրանցման հայտը պատշաճ լրացվելուց և ուղարկվելուց հետո www.file-online.taxservice.am համակարգում՝ հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում, ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը։
Քայլ 5. էլեկտրոնային գիրքն ստեղծվելուց հետո, համակարգի կողմից, հարկ վճարողին անմիջապես ուղարկվում է ծանուցում ՝ գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։