Հուլիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 974 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 8.1%-ով։ Ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ արագ տեմպով աճում է ներքին պարտքը, իսկ արտաքին պարտքի որոշակի նվազում կա, քանի որ Հայկական դրամով հաշվարկած պետական պարտքի միտումներն այլ են։ Հուլիսի դրությամբ դրամը դոլարի նկատմամբ տարեսկզբի համեմատ 15%-ով արժևորվել է, հետևաբար, երբ պարտքի ցուցանիշները դիտարկում ենք դրամով, ապա մեխանիկորեն այն նվազում է։ Հուլիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է մոտ 4 տրլն 66 մլրդ դրամ, որը նվազել է 8.2%-ով։ Քանի որ Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է, այսինքն՝ ծախսն ավելի շատ է, քան եկամուտը, այդ բացը լրացվում է արտաքին աշխարհից ստացվող պարտքի հաշվին։ Դրանք հիմնականում վարկեր են ու արտարժութային պարտատոմսերի թողարկումից ստացվող գումարները։ Միայն վերջին տասը տարում պետական պարտքն աճել է 2.1 անգամ՝ 4.4 մլրդ դոլարից հասնելով 9.2 մլրդ դոլարի։ Հայաստանի պետական պարտքի առյուծի բաժինը կառավարության պարտքն է, այդ թվում ՝ ամբողջ ներքին պարտքը։ Իսկ կենտրոնական բանկի պարտքը այս հուլիսի վերջի դրությամբ կազմել է 547 մլն դոլար։
Հայաստանի պետական պարտքը մոտենում է 10 մլրդ դոլարի շեմին
Սպտ 20, 2022 14:11
191