ԵՄ-ի և ԱՄՆ-ի խոստացած աջակցության տնտեսական ազդեցությունը Հայաստանի համար
Լուրեր |
Բրյուսելում ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման ընթացքում հայտարարվեց Հայաստանին տնտեսական աջակցության նոր փաթեթ տրամադրելու որոշման մասին: Հայաստանի տնտեսության հետագա զարգացման, արդիականացման, տնտեսական կապերի ձևափոխման և նոր շուկաների յուրացման հարցում այդ աջակցության նշանակության ու նշմարող հնարավորությունների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տնտեսագիտության թեկնածու, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի դասախոս Տաթև Վարդանյանի հետ:
-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում բրյուսելյան հանդիպման տնտեսական արդյունքները: Ըստ ձեզ, նկատվո՞ւմ է հավաքական Արևմուտքի և Հայաստանի միջև համագործակցությունը սերտացնելու, դրան նոր որակ և բովանդակություն հաղորդելու միտում:
-Բրյուսելյան հանդիպման ամենալուրջ տնտեսական արդյունքն այս պահին կարող ենք համարել առաջիկա չորս տարիների ընթացքում մեր երկրին համապատասխանաբար 270 մլն եվրոյի և 65 մլն դոլարի աջակցություն տրամադրելու Եվրամիության և Միացյալ Նահանգների որոշումը: Այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովմանը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ ԵՄ-ից ստացվելիք աջակցությունը հիմնականում ուղղվելու է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարողությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կատարելագործմանը, ինչը մեր հանրապետությանը հնարավորություն կտա մրցունակ դիրքեր գրավել նոր շուկաներում և բարելավել ինտեգրացիոն կապերը։ Այդ առումով, նման աջակցությունը, անշուշտ, կարելի է դիտարկել որպես տնտեսական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն։
-Որքանո՞վ է շոշափելի հայտարարված աջակցությունը և ինչպե՞ս կարող է նպաստել Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու զարգացմանը:
-Հարկ է նշել, որ ենթակառուցվածքների թույլ զարգացվածությունը և ՓՄՁ ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ուղղակիորեն անդրադառնում են Հայաստանի տնտեսական ներուժի ամբողջական իրացմանը։ Ներկայում՝ հայտարարության այս մակարդակում, դեռևս դժվար է «թարգմանել», թե ինչ տեսք է ունենալու տրամադրվող աջակցությունը։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության շրջանակներում՝ ներառելով տարբեր ֆինանսական գործիքներ՝ դրամաշնորհներ, վարկեր, երաշխիքներ, դրամաշնորհային բաղադրիչով վարկեր:
ՀՀ-ԵՄ համագործակցության պատմության մեջ առանցքային նշանակություն ունի 2017 թվականի նոյեմբերի 24-ին կողմերի ստորագրած շրջանակային «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Այն ներառում է բոլոր ոլորտները՝ բացառությամբ ազատ առևտրի և պաշտպանության հարցերի:
Հայաստանի և Եվրամիության միջև կնքած ոլորտային (գյուղատնտեսություն, մարդու իրավունքների պաշտպանություն, հանրային ֆինանսների կառավարում, հանրային կառավարման բարեփոխումներ, որակավորման բարելավում՝ ավելի լավ աշխատատեղերի համար և այլն) ու բազմոլորտ ֆինանսավորման համաձայնագրերի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցություն՝ տարբեր մասնաբաժիններով: Յուրաքանչյուր մասնաբաժնի համար սահմանված են նախապայմաններ, որոնց իրականացման արդյունքում էլ տրամադրվում են ֆինանսական միջոցները:
Բրյուսելյան վերջին հանդիպման վերաբերյալ առավել առարկայական գնահատականներ տալու հնարավորություն կստեղծվի, երբ հստակեցվեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հատկացվելիք ֆինանսական նոր աջակցության «կանոնները»։
-ԵՄ-ն պատրա՞ստ է բացել իր շուկաները Հայաստանի համար, ու որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը պատրաստ եվրոպական շուկաներին ինտեգրվելուն և այնտեղ հաստատուն նիշ զբաղեցնելուն:
-Թեպետ տարիներ շարունակ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստեղծվել են տնտեսական համագործակցության ընդլայնման ինստիտուցիոնալ հիմքեր, այդուհանդերձ, ՀՀ արտաքին առևտրի վիճակագրական տվյալները փաստում են, որ տնտեսական կապերը դեռևս ամբողջությամբ իրացված չեն։ Հայաստանի արտահանման կառուցվածքի վերլուծությունը, որը հիմնված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների վրա, ցույց է տալիս, որ 2014 թվականին մեր երկրի արտաքին առևտրում գերիշխել է արտահանումը դեպի ԵՄ երկրներ (31%), սակայն, 2018 թվականից սկսած, իրավիճակը փոխվել է՝ առաջատար են դարձել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները, որոնց բաժին է հասել ՀՀ արտահանման 28.5%-ը, այն դեպքում, երբ ԵՄ երկրների մասնաբաժինը նվազելով՝ հասել է 27.6 տոկոսի: 2022 թվականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 46.8%, իսկ միայն Ռուսաստան՝ 45%-ը: Մինչդեռ, նույն թվականին արտահանումը ԵՄ երկրներ եղել է 14%։
Դեպի ԵՄ արտահանման կառուցվածքում առաջատար դիրքեր են զբաղեցրել Գերմանիան, Բելգիան, Նիդերլանդները և Բուլղարիան։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Գերմանիա մեր արտահանումը միջինում կազմել է 5%: Ամենաբարձր տեսակարար կշիռն արձանագրվել է 2014 թվականին՝ 11%, ամենացածրը՝ 2022 թվականին (2%):
Հիմնվելով ներկայացված վիճակագրական տվյալներին՝ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի տնտեսությունը դեռևս չունի որակական և գնային մրցունակության այն բաղադրիչները, որպեսզի կարողանա սպասարկել եվրոպական շուկաները: Մյուս կողմից՝ ցանկացած տնտեսության զարգացման անկյունաքարը փոքր ու միջին ձեռնարկատիրությունն է, որին աջակցելը, կարողությունները զարգացնելն ու հզորացնելը կարող է երկարաժամկետ կտրվածքով որոշակի հեռանկարներ ստեղծել հայկական ապրանքների համար և նպաստել նրանց դիրքավորմանը եվրոպական շուկաներում։ Կարծում եմ՝ Հայաստանի տնտեսությունը եվրոպական շուկաներին ինտեգրելու համար պահանջվում են լուրջ և համակարգային բարեփոխումներ: Դա առաջին հերթին պետք է նպաստի մեր տնտեսության արտադրողականության բարձրացմանն ու միջազգային մրցունակության խթանմանը։
Ամբողջական հարցազրույցը՝ armenpress.am կայքում Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Նոյեմբերի 6-ի բիզնես լուրերը
2025/11/06/ 22:00 -
Նոյեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/11/06/ 20:20 -
Ինչպես կառուցել ընկերություն, որը զարգանում է նույն արագությամբ, ինչ տեխնոլոգիաները
2025/11/06/ 19:00 -
5 կարեվոր որոշում՝ նոյեմբերի 6-ի Կառավարության նիստից
2025/11/06/ 17:55 -
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները․ Հետք
2025/11/06/ 17:12 -
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
2025/11/06/ 16:14 -
ՀՀ-ն զբաղեցրել է 8-րդ տեղը Wanderlust Reader Travel Awards 2025-ի «Ամենահետաքրքիր նոր ուղղություն» անվանակարգում
2025/11/06/ 16:04 -
ՍԱՏՄ-ն կստուգի Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը
2025/11/06/ 15:35 -
2025թ.-ի հոկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2025/11/06/ 14:37 -
Նոր գործնական կապերի և համագործակցության հնարավորություններ․ MadeAll բիզնես միջոցառման գրանցումը բաց է
2025/11/06/ 14:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ