Օգոստոսի 19-ից նոր սահմանափակումներ՝ անձնական ապրանքների ներմուծման կարգերում
2024 թվականի օգոստոսի 19-ից ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով, ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տեղափոխվող (ներմուծվող) անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է։ Օգոստոսի 19-ից ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Հայաստանի Հանրապետություն կարող են տեղափոխվել 200 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ: Նոր սահմանաչափերը կիրառվելու են 2024 թվականի օգոստոսի 19-ից՝ ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ։