Հարավային Կորեայում աշխատում է մոտ 15 հազար ընկերություն Ճկուն հարկային համակարգ, արտոնություններ օտարերկրյա բիզնեսին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գերտերություն համարվող Հարավային Կորեան այսպես է դարձել գրավիչ երկիր ներդրումների համար: Այս երկրում ներդրում է կատարել և աշխատում է օտարերկրյա մոտ 15 հազար ընկերություն։  Invest KOREA ինստիտուտի ներդրումների խթանման բաժնի ղեկավար Հոնգ Տաէ-Հվան Արմենպերսին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանից դեռ ներդրողներ չկան, բայց կան մեծ ակնկալիքներ: Օտարերկրյա ներդրողները, որոնք Կորեայում բիզնես սկսելու համար հողատարածք կամ շինություն են ձեռք բերում, առավելագույնը 7 տարի ժամկետով ստանում են գույքահարկի արտոնություն, նաև Կորեան արտոնություն է տրամադրում աշխատակիցների եկամտահարկի համար։ Այսինքն օտարերկրացի աշխատակիցներ գրավելու համար 5 տարի ժամկետով այդ հարկատեսակը կրճատվում է 50 տոկոսով։ Կորեայում ներդրումային բարենպաստ միջավայրի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ երկիրն անցած տարի Bloomberg-ի հարցման համաձայն՝ առաջատարն է եղել ինովացիայի ոլորտում։ Հոնգ Տաէ-Հվան ընդգծեց նաև այն փաստը, որ 2021 թվականին Հարավային Կորեան 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում։