Տեղական լուրեր
Արտոնություն՝ Ամուլսարի շահագործման համար ներմուծվող ապրանքներին
ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է սահմանել Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով Եվրամիության երկրներից ներմուծվող 71 ապրանքատեսակի համար (ընդհանուր արժեքը՝ շուրջ 187 մլն դոլար): Ներմուծման արտոնության ժամկետը սահմանված է 2026 թվականի մարտի 26–ից մինչև 2027 թվականի մարտի 25–ը:
Վարչապետի ստացած միջազգային դրամական մրցանակները կփոխանցվեն հատուկ հաշվի
Նիկոլ Փաշինյանի ստացած 25,000 եվրո Հեսսեյան խաղաղության մրցանակը, ինչպես նաև ավելի վաղ ստացած «Զայեդ» մարդկային եղբայրության 500,000 դոլար մրցանակը կհաշվառվեն և կավանդադրվեն պաշտոնատար անձանց ստացած միջազգային պարգևների համար բացվող հատուկ արտաբյուջետային ավանդային հաշվին:
Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես ֆորում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիայում հայ գործարարների մասնակցությամբ համաժողովի հաջողված փորձից ելնելով՝ հաջորդ հայ-թուրքական բիզնես ֆորումը կանցկացվի Հայաստանում:
Ռուսական երկաթուղիների հետ քննարկվում է կոնցեսիոն կառավարման ձևաչափը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը պայմանավորվել են ձևավորել աշխատանքային խումբ, որը 3 ամսվա ընթացքում պետք է մշակի երկաթուղու մրցունակության բարձրացման և կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխության տարբերակներ:
3.98 մլրդ դրամի աջակցություն տեղական արտադրողներին և արտահանողներին
Կառավարությունը երկու որոշումներով հատկացրել է 2,477.7 մլն դրամ և 1,507.8 մլն դրամ (ընդհանուր՝ 3.98 մլրդ դրամ)՝ արտահանման աջակցության, ինչպես նաև թարմ մրգերի, սննդամթերքի և խմիչքների վերամշակման ու արտահանման փոխհատուցման նպատակով:
Միջազգային լուրեր
ՄԱԿ. ԱՄՆ-ն և Իրանը պետք է կանխեն պարենային ճգնաժամը
ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է առաջիկա շաբաթներին համաձայնեցնեն Պարսից ծոցով պարարտանյութերի անխափան տարանցման մեխանիզմը: Լոգիստիկայի խափանումը պարենային անվտանգության սպառնալիք է ստեղծում շուրջ 45 միլիոն մարդու համար (հատկապես Սուդանում, Սոմալիում, Մոզամբիկում և Տանզանիայում):
Պարսից ծոցի երկրների տնտեսությունը 2026-ին կկրճատվի 4.8%-ով (ԱՄՀ)
ԱՄՀ կանխատեսումներով՝ նավթի շուկայի ճգնաժամի պատճառով Պարսից ծոցի արաբական պետությունների տնտեսությունները 2026 թվականին կկրճատվեն 4.8%-ով, սակայն 2027 թվականին սպասվում է 9.1% վերականգնողական աճ:
Իրանի հակամարտությունը ԵՄ-ին արժեցել է ավելի քան 100 մլրդ եվրո
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իրանում ընթացող ռազմական գործողությունների և էներգետիկ ծախսերի աճի հետևանքով Եվրոպական Միությունը կրել է ավելի քան 100 միլիարդ եվրոյի վնաս:
Մասշտաբային խափանում չինական DeepSeek ԱԲ նեյրոցանցում
Չինական DeepSeek արհեստական բանականության վեբ տարբերակն ու հավելվածը ենթարկվել են տևական խափանման: Վերլուծաբանները խափանման հիմնական պատճառ են նշում անհրաժեշտ հաշվողական հզորությունների ծանրաբեռնվածությունը:


