ABNews

Ինչո՞ւ է Նոլանի «Ոդիսականը» փոթորկել կինոաշխարհը․ Արտակ Ալեքսանյանի դիտարկումները

Հեղինակային | 2026/08/05 16:02

Ինչո՞ւ է Նոլանի «Ոդիսականը» փոթորկել կինոաշխարհը․ Արտակ Ալեքսանյանի դիտարկումները

Հավանաբար բոլորդ էլ արդեն հասցրել եք կարդալ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» մասին կամ առնվազն տեղյակ եք ֆիլմի շուրջ ծավալված թեժ բանավեճերից։ Ոմանք այն համարում են Հոմերոսի էպոսի ձախողված էկրանավորում, մյուսները՝ Նոլանի հերթական կոմերցիոն հիթը։

Այս մասին գրում է Newmag ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ու հավելում․

«Ես, անկեղծ ասած, միայն այսօր կարողացա դիտել ֆիլմը։ Ինձ չեմ համարում ո՛չ Նոլանի «հեյթեր», ո՛չ էլ նրա անվերապահ երկրպագու։ Բայց ահա մի քանի դիտարկում, որոնք գուցե ձեզ էլ օգնեն որոշելու՝ արժե՞ դիտել ֆիլմը, թե՞ ոչ։

  • Իհարկե, սա «Ոդիսականի» ամբողջական էկրանավորումը չէ։ Դա գրեթե անհնար կլիներ անգամ երեք ժամում։ Սա Նոլանի հեղինակային մեկնաբանությունն է։ Բայց ի՞նչ կանեիք դուք, եթե լինեիք նրա փոխարեն։ «Ոդիսականի» հնարավորինս բառացի էկրանավորումներ արդեն եղել են, ընդ որում՝ երբեմն բավական լավ։ Եվ հետո՝ ո՞վ ասաց, որ Ոդիսևսի արկածներն իրենց դասական շարադրանքով կարող են այսօր հետաքրքրել ժամանակակից զանգվածային լսարանին։ Ընդ որում՝ ոչ միայն որևէ առանձին երկրի, այլ ամբողջ աշխարհի՝ ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա, Մեծ Բրիտանիայից մինչև Հայաստան, Չինաստան ու Աֆրիկա։ Հետևաբար Նոլանի «Ոդիսականը» պետք է վերաիմաստավորեր հնագույն պատումը՝ այն հարմարեցնելով մեր ժամանակների էմոցիոնալ ռիթմին և կինոլեզվին։

  • Նոլանի «Ոդիսականը» մի քանի առանցքային ուղերձ ունի։ Առաջինն ու թերևս ամենագլխավորը՝ ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը չես կառուցի։ Այո՛, Ոդիսևսին հաջողվեց գրավել Տրոյան։ Բայց ո՞րն էր այդ հաղթանակի գինը։ Տրոյան ընկավ խաբեության միջոցով, և այդ հաղթանակն իր մեջ արդեն կրում էր հետագա պատժի սերմերը։ Աստվածները նման հաղթանակներ չեն ներում։ Նոլանը, ըստ էության, ներկայացնում է պյուրոսյան հաղթանակի նոր մեկնաբանություն. դու կարող ես հաղթել պատերազմը, բայց այդ ընթացքում կորցնել ինքդ քեզ և այն ամենը, ինչի համար, իբր, պատերազմել ես։

  • Առանձին թեմա է Հեղինեն, որի դերում Լուպիտա Նյոնգոյի ընտրությունը բազմաթիվ քննարկումների և նույնիսկ հարձակումների պատճառ դարձավ։ Իմ ընկալմամբ՝ Նոլանը միտումնավոր ընտրել է այնպիսի դերասանուհու, որի արտաքինը չի համապատասխանում Հեղինեի՝ եվրոպական մշակույթում դարերով ամրագրված պատկերին։ Այդ ընտրությամբ նա կարծես ընդգծում է՝ պատերազմը չի սկսվել պարզապես Հեղինեի գեղեցկության պատճառով։ Հեղինեն ընդամենը պատերազմի casus belli-ն էր՝ պատրվակը, ոչ թե իրական պատճառը կամ նպատակը։ Հեղինեն կարող էր լինել սպիտակամորթ կամ սևամորթ, շիկահեր կամ թխահեր, «կատարյալ» գեղեցկուհի կամ սովորական կին․ պատերազմը միևնույն է տեղի էր ունենալու։ Երբ պատերազմն արդեն հասունացել է, այն միշտ գտնում է իր Հեղինեին։

  • Նոլանը վերաիմաստավորել է նաև Ոդիսևսին։ Նա պարզապես լեգենդար զորավար չէ, որը հաղթանակից հետո տասը տարի չի կարողանում վերադառնալ տուն։ Նա պատերազմի գործիք է՝ հաշվենկատ, անողոք, դաժան, բայց չափազանց արդյունավետ։ Սակայն հաղթանակը նրան երջանկություն չի պարգևում։ Ընդհակառակը՝ առաջացնում է հարցեր, որոնք ճանապարհորդության ընթացքում աստիճանաբար բյուրեղանում են։ Այն պահին, երբ Ոդիսևսը դուրս եկավ Տրոյական ձիուց, գրավեց քաղաքն ու գերեվարեց նրա բնակիչներին, նա նոր տուն ձեռք չբերեց։ Նա սկսեց կորցնել նաև սեփականը։

  • Մեծ հաշվով սա ոչ այնքան տուն վերադառնալու, որքան մեղքի գիտակցմանը հասնելու պատմություն է։ Ոդիսևսի ճանապարհը աշխարհագրական չէ միայն։ Դա նրա անձնական քավարանն է՝ սեփական արարքների հետևանքների միջով անցնելու, մեղքը ճանաչելու և դրանից հետո այդ մեղքի հետ ապրել սովորելու ճանապարհ։ Գուցե հենց այդ պատճառով էլ աստվածները նրան ծովում չեն խորտակում։ Մահը չափազանց հեշտ պատիժ կլիներ։ Նրանք թույլ են տալիս, որ նա հասնի տուն՝ արդեն որպես մի մարդ, որը գիտի իր հաղթանակի իրական գինը։

  • Ֆիլմում տունը նույնպես պարզապես Իթակեն չէ։ Տունը այն տեղն է, որտեղ քեզ սպասում են, բայց նաև այն տեղը, ուր վերադարձի բարոյական իրավունքը պետք է վաստակես։ Ոդիսևսը կարող է հաղթահարել ծովերը, հրեշներին ու աստվածների զայրույթը, բայց ամենադժվար փորձությունը վերջում է՝ կանգնել Պենելոպեի և որդու առաջ ու ընդունել, որ վերադարձող մարդն այլևս այն մարդը չէ, որը տարիներ առաջ հեռացել էր։

  • Նոլանի աստվածներն էլ դասական իմաստով միայն գերբնական ուժեր չեն։ Նրանք կարելի է ընկալել նաև որպես խիղճ, հիշողություն և սեփական արարքների անխուսափելի հետևանքներ։ Դրանցից չես կարող փախչել նույնիսկ աշխարհի ծայրը։ Կարող ես հաղթել հակառակորդիդ, խաբել ճակատագրին, անցնել ամենավտանգավոր ծովերով, բայց չես կարող անվերջ խուսափել ինքդ քեզ հետ հանդիպումից։

Այո՛, ֆիլմն ունի նաև թերություններ։ Այն երբեմն չափազանց ցուցադրական է, երբեմն՝ ծանր ու աղմկոտ, իսկ որոշ հերոսներ մնում են ավելի շատ խորհրդանիշներ, քան կենդանի մարդիկ։ Երեքժամյա տևողությունն էլ բոլորի համար չէ։ Բայց սա այն դեպքն է, երբ ֆիլմը պետք չէ գնահատել միայն այն հարցով, թե որքանով է հավատարիմ Հոմերոսին։ Նոլանը Հոմերոսին չի վերարտադրում․ նա նրա միջոցով խոսում է մեր ժամանակների մասին՝ պատերազմի, հաղթանակի գնի, մեղքի, պատասխանատվության և տուն վերադառնալու անհնարինության մասին։

Արժե՞ դիտել։ Կարծում եմ՝ այո։ Բայց ոչ որպես Հոմերոսի էպոսի ճշգրիտ պատկերազարդում և ոչ էլ պարզապես որպես մեծածավալ արկածային ֆիլմ։ Այն արժե դիտել որպես պատմություն այն մասին, որ երբեմն ամենաերկար ճանապարհը ոչ թե Տրոյայից Իթակե տանող ծովային ուղին է, այլ հաղթանակից մինչև սեփական մեղքի գիտակցումը։
 
Եվ գուցե հենց սա է Նոլանի «Ոդիսականի» գլխավոր միտքը․ մարդը տուն է վերադառնում ոչ այն ժամանակ, երբ վերջապես հասնում է իր ափին, այլ այն ժամանակ, երբ այլևս չի փախչում այն մարդուց, որ դարձել է ճանապարհին։
 
Արտակ Ալեքսանյան
Newmag ընկերության տնօրեն

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը