Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք պահում են մի ամբողջ երաժշտական ավանդույթ․ Արտակ Ալեքսանյանի անդրադարձը՝ Գարի Քյոսայանի հոբելյանական համերգին

Վերջերս Էդուարդ Թոփչյանն ասաց, որ դասական և ջազ երաժշտություն հասկանալու ու սիրելու համար պետք է կրթված լինել, գրագետ լինել և որոշակի քաղաքակրթական ողնաշար ունենալ։

Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Newmag ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։

«Առաջին հայացքից սա կարող է թվալ «էլիտիստական» ձևակերպում, բայց իրականում շատ պարզ և ազնիվ բանաձև է։ Որովհետև արվեստը միայն լսելու կամ դիտելու նյութ չէ․ այն նաև ընկալելու կարողություն է։

Շաբաթ օրը Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա բեմական կարիերան էր տոնում ջազմեն Գարի Քյոսայանը։ Տոնում էր իր ընկերների հետ՝ սաքսոֆոնիստ Լուիս Վան Թեյլորի, շեփորահար Ջոնի Բրիթի, կոնտրաբասահար Կարլ Վինսենթի, հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնի հետ։ Երգում էին Էլեյն Ստեպտերը և Ալլա Սահակյանը։

Շաբաթ օրը, դասական գործերից բացի, հիմնականում հնչում էր հենց Գարիի երաժշտությունը՝ մեղմ, ռիթմիկ ջազ՝ Բաբաջանյանական մեղեդայնությամբ, բայց արևմտյան մտածողությամբ։ Երաժշտություն, որը միաժամանակ և՛ հարազատ էր, և՛ միջազգային, և՛ նուրբ, և՛ ազատ։

Բեմում 79-ամյա երաժիշտ էր՝ ակտիվ, ադեկվատ, կենսուրախ, հավեսով։ Իսկական լեգենդ։
Բայց այդ երեկոյի ամենակարևոր զգացողությունը ոչ թե պարզապես հոբելյանն էր, այլ այն, որ բեմում մշակույթ էր՝ իր ամենահասուն, ամենազուսպ և ամենավստահ ձևով։ Ջազը այստեղ ֆոնային երաժշտություն չէր, ոչ էլ հաճելի ժամանց։ Դա լեզու էր, որը պահանջում էր ուշադրություն, հիշողություն, ճաշակ և ներքին կարգապահություն։

Եվ հենց այստեղ Թոփչյանի ասած «քաղաքակրթական ողնաշարը» դառնում է հասկանալի։ Կրթված լինելը միայն գրքեր կարդալը կամ անուններ իմանալը չէ։ Դա կարողանալն է տարբերել իրական վարպետությունը աղմուկից, խորությունը՝ էֆեկտից, տարիներով կուտակված փորձը՝ մեկօրյա փայլից։
Գարի Քյոսայանի երեկոն այդ իմաստով ոչ միայն համերգ էր, այլ մշակութային հիշեցում։ Հիշեցում, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք ոչ թե պարզապես նվագում են, այլ պահում են մի ամբողջ երաժշտական ավանդույթ։ Մարդիկ, որոնց կողքով չի կարելի անտարբեր անցնել, որովհետև նրանց ներկայությունը մեր մշակութային հիշողության կենդանի մասն է»,- նշել է նա։