ABNews

Թզի և դեղձի մթերման նոր աջակցություն․ որքան փոխհատուցում կտրամադրվի տնտեսվարողներին

Լուրեր | 2026/08/20 12:47

Թզի և դեղձի մթերման նոր աջակցություն․ որքան փոխհատուցում կտրամադրվի տնտեսվարողներին

Կառավարությունը նախատեսում է նոր աջակցություն տրամադրել թզի և դեղձի վերամշակման նպատակով մթերումներին՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացմանն ու վերամշակող արդյունաբերության զարգացմանը նպաստելու համար։ Այդ մասին Կառավարության օգոստոսի 20-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։

«Սա կարևոր է նրանով, որ կլուծենք հիմնական խնդիրներից մեկը, այսինքն՝ այս պարագայում թզին ու դեղձին է վերաբերում: Մենք նախ օպերատիվ հետևում ենք իրավիճակին, գյուղատնտեսների հետ կապի մեջ ենք, և այնտեղ, որտեղ տեսնում ենք խնդիր, անմիջապես արձագանքում ենք: Մասնավորապես, Սյունիքի մարզում կա բավականին լավ թզի բերք, և միևնույն ժամանակ դեղձի բերքը բավականին լավն է, և էլի ոլորտն աջակցության կարիք ունի:

Մենք պահպանում ենք արտահանման սուբսիդավորումները, և արտահանումները շարունակվում են և՛ թզի, և՛ դեղձի, և մյուս պտուղ-բանջարեղենի: Այս դեպքում ավելացնում ենք նոր բաղադրիչ. ամեն 1 կիլոգրամի համար մթերման ժամանակ 125 դրամ փոխհատուցում ենք տալիս: Սրանով ցանկանում ենք նվազագույնը 2 խնդիր լուծել: Առաջին խնդիրը գյուղացիական տնտեսությունների բերքի մթերումն ու սպառումն է, երկրորդ խնդիրը ևս պակաս կարևոր չէ. մշակող արդյունաբերության զարգացումն է, որովհետև եթե մենք աջակցում ենք, որպեսզի այդ ապրանքը դառնա պահածո, չիր, բնականաբար, նաև ենթադրվում է, որ գնային առումով ավելի մրցունակ ապրանք ենք ունենալու, որովհետև մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենալու լավ գնով ձեռք բերել, ինչը գյուղացու համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ նաև փոխհատուցում ստանալ, և դրա հետևանքով ինքնարժեքն իջեցնել և արդեն պարտրաստի արտադրանք մեր տեղական շուկային առաջարկել և արտահանման համար մրցունակ գնով պատրաստի արտադրանք շուկային առաջարկել»,- ասաց նախարարը:

Ըստ Պապոյանի՝ կանխատեսումների համաձայն՝ մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ կմթերվի և առավելագույնը 400 տոննա թուզ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այն հանգամանքը, որ եթե որևէ ապրանքատեսակի արտահանման խնդիր կա, ապա պետք է աշխատել, որպեսզի դրանք մտցվեն չրի արտադրության, վերամշակման շղթայի մեջ:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը