«Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առաջ՝ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի առջև։ Դաժան հաշվեհարդար է իրականացվել անպաշտպան, ոչ մի բանում մեղավոր մարդկանց նկատմամբ․ նրանք սպանվել են, վիրավորվել, վտարվել իրենց քաղաքներից ու բնակավայրերից։ Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի կարող են հանգեցնել կրոնական թշնամանքի, ազգայնականության և քսենոֆոբիայի բորբոքումը։

Նշեմ, որ մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Դեռևս 1915 թվականի մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որտեղ դատապարտվում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը՝ որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ արդեն նոր պատմական փուլում՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։

Վստահ ենք, որ մարդկանց ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացման և տեղահանության քաղաքականությունը չի կարող որևէ արդարացում ունենալ, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի։

Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չբուժվող վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած աղետը միավորել է մարդկանց, որոնք ցուցաբերել են հավատարմություն ավանդույթներին, իմաստություն և քաջություն։ Համոզված եմ, որ հետագայում ևս Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն ազգային ինքնությունը, բազմադարյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները։

Ցանկանում եմ բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք բարեկամ հայ ժողովրդին»,-ասված է ուղերձում։