ՀՀ կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում ընդունել է որոշում, որով 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին հնարավորություն կտրվի ձեռք բերել բնակարան կամ կառուցել սեփական տուն՝ հիփոթեքային վարկի 100% պետական սուբսիդավորմամբ (0% կանխավճարով):
Ինչու է դա կարևոր. Հայաստանում հաշվառված է նման 643 ընտանիք (շուրջ 4,300 երեխա): Առաջիկա 10 տարիների համար պետական բյուջեից կպահանջվի 31.9 միլիարդ դրամ (~$90 մլն): Ծրագիրը միտված է բազմազավակ ընտանիքների սոցիալական և բնակարանային պայմանների արմատական բարելավմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի վերաբնակեցմանն ու զարգացմանը:
Բնակարանային ծրագրի առանցքային պայմանները.
Ֆինանսական աջակցությունը.
Յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվում է 4 միլիոն դրամ (~$11,000):
Գյուղական բնակավայր ընտրելու դեպքում ընտանիքին լրացուցիչ կտրամադրվի ևս 4 միլիոն դրամ (տան կառուցման, հողամասի ձեռքբերման համար):
0% կանխավճար, մարման ժամկետը՝ 120 ամիս: Վարկի 100%-ը սուբսիդավորվում է պետության կողմից:
Շահառուի չափանիշները.
2027թ. հուլիսի 1-ի դրությամբ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք (ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացի):
Ամուսինների հայտարարագրված տարեկան համախառն եկամուտը չպետք է գերազանցի 10 միլիոն դրամը:
Հայտին նախորդող 2 տարում ընտանիքը չպետք է ունենա >50 մլն դրամ կադաստրային արժեքով բնակելի անշարժ գույք (50%+ բաժնեմասով):
Մակերեսի պահանջը. Բնակարանի/տան նվազագույն բնակելի մակերեսը պետք է կազմի առնվազն 10 քմ՝ յուրաքանչյուր անդամի հաշվով:
Ժամկետները. Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հուլիսի 1-ից, իսկ էլեկտրոնային հայտերը կընդունվեն մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը:


