Այս պահին ծանր դեպքեր չկան.  ԱՆ-ն՝ Բյուրեղավանի դեպքերի մասին

Տեղական առողջապահական կառույցների տվյալներով՝ շտապօգնության կանչերը սկսվել են երեկ երեկոյան՝ ժամը 19:00-ից հետո:

Բյուրեղավան քաղաքում վերջին ժամերին գրանցվել են շտապօգնության բազմաթիվ կանչեր՝ ընդհանուր թուլության, ջերմության, սրտխառնոցի, փսխման և փորլուծության գանգատներով։ Տեղեկությունը հաստատել են Առողջապահության նախարարությունից։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները իրականացրել են համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում։ Վերջնական գնահատականը կներկայացվի լաբորատոր արդյունքների հրապարակումից հետո։

Նշվում է, որ այս պահին ծանր դեպքեր չեն արձանագրվել։ Հոսպիտալացված քաղաքացիները տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության կամ բավարար, բարդություններ չեն արձանագրվել։ Տվյալ պահին հիվանդանոցում գտնվում է 5 անձ, սակայն այդ թիվը կարող է փոփոխվել՝ նոր դիմումների հաշվին։

Տեղական առողջապահական կառույցների տվյալներով՝ շտապօգնության կանչերը սկսվել են երեկ երեկոյան՝ ժամը 19:00-ից հետո և կարճ ժամանակում աճել են՝ հասնելով մոտ 30-ի։ Դիմումները շարունակվել են նաև գիշերվա ընթացքում և առավոտյան ժամերին։

Իրավիճակի վերաբերյալ տեղեկացվել են համապատասխան ծառայությունները։ Ջրամատակարարման համակարգից նույնպես իրականացվել է նմուշառում՝ հնարավոր պատճառները պարզելու համար։

Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ արձանագրված դեպքերը գտնվում են հետազոտության փուլում, իսկ պատճառահետևանքային կապերը կհստակեցվեն լաբորատոր արդյունքներից հետո։