Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) կազմակերպած «Նորացող աշխարհատնտեսական իրողություններ․ Հայաստանի տնտեսական դիմակայությունը» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման առանցքում եղել են համաշխարհային տնտեսության փոփոխվող պայմաններում ՀՀ տնտեսական դիմակայունության բարձրացման, արտահանման դիվերսիֆիկացման, առևտրի դյուրինացման և մաքսային ռիսկերի կառավարման հարցերը:
Մաքսային համակարգի թվայնացում և խելացի լուծումներ
Էդուարդ Հակոբյանի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի թիրախում ներկայումս ժամանակակից մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների ձևավորումն է: Այդ նպատակով ներդրվում են.
Արտահանողների և ներմուծողների համար հարմարավետ թվային պլատֆորմներ,
Խելացի մաքսային վերահսկողության գործիքներ,
Տարբեր երկրների հետ ինտեգրված տվյալների փոխանակման համակարգեր,
Օրինապահ արտահանողների փոխճանաչման մեխանիզմներ։
ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ փոքր պետության տնտեսական մրցունակության հենասյուներն են խելացի թվային լուծումները, արդյունավետ ռիսկերի կառավարումը և պետություն–բիզնես ամուր գործընկերությունը։ Ըստ նրա՝ կառույցի վերջնական նպատակն է մաքսային մարմինը վերածել արագ, թափանցիկ և արտաքին առևտրի զարգացմանը նպաստող ժամանակակից ինստիտուտի, որտեղ մաքսային ծառայողը հանդես կգա որպես թվային տեխնոլոգիաներ կիրառող վերլուծաբան:

