ABNews

Թոշակ՝ բնակարանի դիմաց․ «Հետադարձ հիփոթեքի» պայմանները

Լուրեր | 2026/06/29 16:25

Թոշակ՝ բնակարանի դիմաց․ «Հետադարձ հիփոթեքի» պայմանները

Հայաստանի կենսաթոշակառուների համար ֆինանսական և գույքային նոր հնարավորություններ են բացվում։ Պետությունը ներդնում է «հետադարձ հիփոթեքի» (Reverse Mortgage) հայեցակարգը, որի համաձայն տարեց քաղաքացիները կկարողանան գրավադրել իրենց սեփական տունը բանկում և մինչև կյանքի վերջ ամսական կայուն ֆինանսական վճարումներ ստանալ։ Այս և օրենսդրական այլ ուշագրավ փոփոխությունների մասին մանրամասներ է հայտնել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը։

Ի՞նչ է հետադարձ հիփոթեքը և ինչպե՞ս են պաշտպանված տարեցները

«Հետադարձ հիփոթեքը վարկային նոր պայմանագրի տեսակ է, որն ունի հստակ կարգավորումներ։ Կենսաթոշակային տարիքի քաղաքացիները, եթե կունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի նշանակության շինություն և ցանկություն կունենան ստանալ վարկավորում, ապա կկարողանան իրենց գույքը գրավադրել և պարբերաբար վճարումներ ստանալ բանկից կամ վարկային կազմակերպությունից»,- նշել է Նանե Ղազարյանը։

Բարեփոխման գլխավոր առավելությունն այն է, որ քաղաքացին չի կորցնում իր բնակության վայրը և տան նկատմամբ իրավունքները. նա շարունակելու է ապրել իր բնակարանում ճիշտ այնպես, ինչպես նախկինում։ Քանի դեռ կենսաթոշակառուն ողջ է, բանկն իրավունք չունի տնօրինել գույքը կամ դրա հետ կապված որևէ գործարք իրականացնել։

Ժառանգների իրավունքները. Քաղաքացու մահից հետո նրա ժառանգներին հնարավորություն կտրվի մարել բանկի կողմից մինչ այդ վճարված ամբողջ գումարը և հետ վերցնել անշարժ գույքը։ Եթե ժառանգները հրաժարվեն կամ չցանկանան մարել վարկը, գույքի սեփականության իրավունքը կանցնի բանկին։

Ամսական վճարվող գումարի չափը կախված է լինելու բնակարանի շուկայական արժեքից և գտնվելու վայրից։ Նախագիծն այժմ գտնվում է Ազգային ժողովում, և խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում համակարգը գործնականում կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից։

Հեղափոխական փոփոխություն ժառանգության ոլորտում. Ամուսնու բացառիկ սեփականություն

Պետությունը ներդնում է ևս մեկ կարևոր իրավական գործիք՝ «ամուսնու բացառիկ սեփականության իրավունքի» ինստիտուտը։ Գործող օրենսդրությամբ՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված ցանկացած գույք համարվում է համատեղ սեփականություն։ Ամուսիններից մեկի մահից հետո գույքի կեսն անցնում է ողջ մնացածին, իսկ մյուս կեսը ներառվում է ժառանգական զանգվածի մեջ և բաշխվում բոլոր օրենսդիր ժառանգների (այդ թվում՝ երեխաների, ծնողների) միջև, ինչը հաճախ դառնում է դատական վեճերի պատճառ։

Առաջարկվող նոր կարգավորմամբ՝ ամուսինները փոխադարձ համաձայնությամբ կկարողանան գույքին տալ հատուկ կարգավիճակ, որը Կադաստրի կոմիտեում կգրանցվի որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք։ Այս դեպքում, կողմերից մեկի մահից հետո, ողջ մնացած ամուսինը ավտոմատ կերպով դառնում է գույքի միանձնյա և ամբողջական սեփականատերը։ Գույքը ժառանգական զանգվածի մեջ կներառվի և երեխաների կամ այլ հարազատների միջև կբաշխվի միայն այն ժամանակ, երբ կմահանան երկու ամուսիններն էլ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը