Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․
«Կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ, նիստի հարգելի՛ մասնակիցներ.
Նախ և առաջ թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևին՝ ավանդական ջերմ ընդունելության և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման բարձր մակարդակի համար։
Ցանկանում եմ ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության հարգարժան ներկայացուցիչներին։
Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Այս մոտեցումն իր արտացոլումը կգտնի նաև նոր Կառավարության ծրագրում, որի ղեկավարումն ինձ է վստահվել։
Միևնույն ժամանակ, կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին հավատարմության օգտին։
Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքներից մեկն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումն է։
Ցավոք, գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվում։
Առանձին սահմանափակումներ և վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով գործարարության պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրման գործընթացների արդյունավետությունը։
Հայաստանի Հանրապետությունն անշեղորեն ապահովում է առավելագույնս բարենպաստ, հավասար և ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսվարողների գործունեության համար։ Մենք հետևողականորեն ելնում ենք այն սկզբունքից, որ համանման մոտեցում պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում։
Հենց այդ պատճառով սկզբունքորեն կարևոր ենք համարում, որպեսզի ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել անդամ պետությունների ապրանքների և ծառայությունների՝ ընդհանուր շուկա մուտքի վրա, ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքին համապատասխան, համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա և իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության շրջանակում։
Նման հարցերի անտեսումը կարող է ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել դրա նկատմամբ մեր երկրների քաղաքացիների և գործարար համայնքի վերաբերմունքի վրա։
Ի վերջո, նման խնդիրները դադարում են առանձին անդամ պետության խնդիրները լինելուց։ Դրանք դառնում են ամբողջ միավորման ընդհանուր խնդիրը։
Հենց այդ պատճառով մեզ անհրաժեշտ է ժամանակին վերացնել առաջացող խոչընդոտները, կանխել ԵԱՏՄ-ի ներսում առևտրատնտեսական հարաբերությունների անկումը, նվազագույնի հասցնել հեղինակությանն առնչվող գործարար ռիսկերը, ինչպես նաև հետևողականորեն ամրապնդել փոխադարձ վստահությունը։
Հարկ է նաև ընդունել, որ մի շարք ուղղություններով ԵԱՏՄ-ի սահմանած ռազմավարական նպատակները դեռևս ամբողջությամբ չեն իրագործվել։ Սա նշանակում է, որ այսօր մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ ոչ միայն նոր նախաձեռնությունների քննարկման, այլև արդեն ընդունված որոշումների գործնական իրականացման, համաձայնեցման ընթացակարգերի արագացման և ԵԱՏՄ ինստիտուտների աշխատանքի արդյունավետության բարձրացման վրա։
Հարգելի՛ գործընկերներ,
Կցանկանայի անդրադառնալ նաև այն օբյեկտիվ տնտեսական ցուցանիշներին, որոնք համոզիչ կերպով վկայում են, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար։
Այսպիսով, Հայաստանը Միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման և ԵԱՏՄ շրջանակում պարտավորությունների բարեխիղճ կատարման անմիջական հաստատումն է։
Պակաս խոսուն չէ նաև փոխադարձ առևտրի դինամիկան։
2025 թվականի արդյունքներով՝ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը Միության շուկա կազմել է շուրջ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար։
Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակից է, այլև Միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների կարևոր սպառող։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետությունն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների՝ 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որում աջակցություն էր հայտնվել Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։
Ինչպես գիտեք, 2025 թվականին Հայաստանում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է։
Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։
Սակայն նշված օրենքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանն այսօր ԵՄ անդամ դառնալու հնարավորություն ունի։ Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը։
Մյուս կողմից, ակնհայտ է, որ անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը՝ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու։ Եվ նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտով դիմել ԵՄ-ին։
Դրանից հետո անհրաժեշտ կլինի նաև ստանալ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։
Առանց թվարկված փուլերից առնվազն մեծ մասն անցնելու՝ նշված հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ և կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի։
Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջև, որոնցից մեկը գոյություն չունի։
Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ։ Ես շնորհակալ եմ ԵԱՏՄ իմ գործընկերներին՝ Հայաստանի, ինչպես և ԵԱՏՄ ցանկացած այլ երկրի՝ տարբեր գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու և սեփական երկրի համար առևտրատնտեսական այլընտրանքներ ստեղծելու լեգիտիմ իրավունքը ճանաչելու համար։
Ավելին, նման մոտեցումն օգտակար եմ համարում ԵԱՏՄ-ի համար, քանի որ հնարավոր այլընտրանքների գոյությունն այն գործոնն է, որը կնպաստի ԵԱՏՄ-ի մրցունակության և գրավչության բարձրացմանը։
Եվ կարծում եմ՝ ոչ ոք չի ժխտի, որ այս առումով մենք ԵԱՏՄ-ի ներսում անելիք ունենք։ Մենք պատրաստ ենք և առաջարկում ենք աշխատել այդ ուղղությամբ։
Մյուս կողմից, պետք է նշեմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև ներկայիս փոխհարաբերություններում չկա որևէ իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություն, որը հակասում է ԵԱՏՄ-ի ներսում և դրա շրջանակում մեր փոխհարաբերությունների կարգավիճակին։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։
Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիմնարար սկզբունքների պահպանման, անդամ պետությունների իրավահավասարության և գործնական, փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման օգտին։
ԵԱՏՄ-ն այնքան ավելի գրավիչ կլինի, որքան ավելի հետևողականորեն կպահպանենք մեր իսկ պայմանավորվածությունները և կհարգենք միմյանց ինքնիշխան իրավունքները։
Հենց դրանում ենք տեսնում վստահության, կայունության և երկարաժամկետ հաջողության հիմքը։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Նիստի ընթացքում ստորագրվել են քննարկված և ընդունված հարցերի արձանագրությունները։ Դրանք վերաբերում են տրանսպորտի, էլեկտրոնային առևտրի, կրթության ոլորտներում համագործակցությանը և կարգավորումներին։


