Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն

Ոլորտի մասնագետը վկայակոչելով միջազգային փորձը՝ մատնանշում է Հայաստանի զարգացման հեռանկարները։

Տարածված կարծիք կա, թե զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը սկզբունքորեն անհամատեղելի ոլորտներ են․ առաջինը հիմնված է բնության պահպանության, գեղագիտական արժեքների և հանգստի վրա, մինչդեռ երկրորդը՝ բնական ռեսուրսների շահագործման։ Սակայն ժամանակակից միջազգային փորձը փաստում է, որ այս հակադրությունը հաճախ չափազանցված է։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու դոցենտ Սեյրան Սուվարյանի հետ։

Արդյունաբերական զբոսաշրջություն․ նոր ձևավորվող ուղղություն

Սեյրան Սուվարյանի խոսքով՝ արդյունաբերական զբոսաշրջությունը ժամանակակից զբոսաշրջության զարգացող տեսակներից է․ «Այն ներառում է ինչպես դեպի պատմական արդյունաբերական ժառանգության օբյեկտներ, այնպես էլ գործող արտադրական համալիրներ այցելություն։ Գիտական գրականության մեջ այն դիտարկվում է որպես հետարդյունաբերական տարածքների վերակենդանացման և ժառանգության կառավարման գործիք»։

Նրա խոսքով՝ այս տեսակի զարգացման վրա էական ազդեցություն ունեն միջազգային մասնագիտական կառույցները, ինչպիսիք են «The International Committee for the Conservation of the Industrial Heritage» և «Society for Industrial Archaeology», որոնք նպաստում են արդյունաբերական ժառանգության պահպանությանը և դրա ինտեգրմանը զբոսաշրջության ոլորտին։

Հանքարդյունաբերություն․ ռեսուրսից դեպի ժառանգություն

Ս. Սուվարյանը կարծում է, որ հանքարդյունաբերությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական գործունեություն, այլև որպես գիտական և մշակութային արժեք կրող համակարգ․ «Հանքարդյունաբերական տարածքները երկրաբանական կարևոր տեղեկության կրողներ են։ Դրանք կարելի է դիտարկել որպես երկրաբանական ժառանգություն, որը ներառում է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական բաղադրիչներ՝ տեխնոլոգիաներ, մասնագիտական գիտելիքներ և համայնքային փորձ»։

Նա ընդգծում է, որ նմանօրինակ տարածքների զբոսաշրջային օգտագործումը պահանջում է համալիր մոտեցում՝ ապահովելով՝

• անվտանգություն,
• գիտականորեն հիմնավորված մեկնաբանություն,
• իսկության պահպանում,
• ռիսկերի արդյունավետ կառավարում։

Միջազգային փորձ․ հաջող համադրման մոդելներ

Մասնագետի կարծիքով՝ միջազգային փորձը հստակ ցույց է տալիս, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են արդյունավետ համադրվել։

Նման օրինակներից են՝

• «Zollverein Coal Mine Industrial Complex» (Գերմանիա) - նախկին արդյունաբերական համալիր, որը վերածվել է մշակութային և զբոսաշրջային կենտրոնի և ընդգրկվել է UNESCO-ի ցանկում,
• «Wieliczka Salt Mine» (Լեհաստան) - եզակի ստորգետնյա զբոսաշրջային համալիր,
• «Big Pit National Coal Museum» (Ուելս) - թանգարանացված հանքավայր փորձառական էքսկուրսիաներով,
• «Falun Mine» (Շվեդիա) - երկրաբանական ժառանգության պահպանման օրինակ,
• «Chuquicamata» (Չիլի) - գործող հանքավայր, որտեղ իրականացվում են վերահսկվող այցելություններ,
• «Hashima Island» (Ճապոնիա) - լքված արդյունաբերական տարածքի տուրիստական վերաիմաստավորում։

Պարոն Սուվարյանի խոսքով՝ «այս օրինակները կարելի է դասակարգել երեք հիմնական մոդելի՝ թանգարանացում, մասամբ գործող հանքերի զբոսաշրջային օգտագործում և ռեկուլտիվացված տարածքների վերափոխում»։

Զբոսաշրջության արդի ուղղություններ․ երկրաբանական տուրիզմ և արկածային տուրիզմ

Գիտնականի կարծիքով՝ հանքարդյունաբերության և զբոսաշրջության համադրությունը հատկապես արդյունավետ է երկու հիմնական ուղղություններում։

Երկրաբանական տուրիզմ

Ոլորտի մասնագետը նշում է․ «Այստեղ կարևոր է գիտական բաղադրիչը․ այցելուն պետք է ոչ միայն տեսնի, այլև հասկանա երկրաբանական գործընթացները, հեռանկարները, տնտեսական և կայուն զարգացման ազդեցությունները, տարածքի ձևավորման պատմությունը և այլն»։

Արկածային տուրիզմ

Ս․ Սուվարյանի խոսքով՝ «տեխնածին լանդշաֆտները ստեղծում են յուրահատուկ փորձառական միջավայր, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ժամանակակից զբոսաշրջիկների շրջանում»։

Կայուն զարգացում, գլոբալիզացիա և գլոկալիզացիա

Ս․ Սուվարյանը շեշտում է, որ այս համադրությունը պետք է դիտարկել կայուն զարգացման շրջանակում․ «UN World Tourism Organization-ի մոտեցումները պահանջում են ապահովել բնապահպանական, սոցիալական և տնտեսական հավասարակշռություն։

Գլոբալ փորձի կիրառումը կարևոր է, սակայն այն պետք է ադապտացվի տեղական պայմաններին, ինչը հայտնի է որպես գլոկալիզացիա»։

Հայաստանի Հանրապետություն․ չիրացված, բայց խոստումնալից ներուժ

Հայաստանում արդյունաբերական և հանքարդյունաբերական զբոսաշրջությունը դեռևս զարգացման սկզբնական փուլում է։ Չնայած առկա են զգալի ռեսուրսներ՝

• խորհրդային շրջանի արդյունաբերական ենթակառուցվածքներ,
• գործող և նախկին հանքավայրեր,
• լեռնային բազմազան լանդշաֆտներ,

դրանք դեռևս լիարժեք չեն ներառված զբոսաշրջային համակարգում։

Սուվարյանը փաստում է, որ առանձնապես մեծ ներուժ ունեն Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզերը և հավելում․ «Ռեկուլտիվացված և չշահագործվող հանքավայրերը կարող են ծառայել որպես բացօթյա լաբորատորիաներ՝ համադրելով գիտությունը և զբոսաշրջությունը»։

Զրույցի ավարտին դոցենտ Սուվարյանը փաստում է, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը պարտադիր չէ դիտարկել որպես հակադիր ոլորտներ։

Դրանք կարող են համատեղ գործել և փոխլրացնել միմյանց՝

• արդյունաբերական ժառանգության պահպանման,
• տնտեսական դիվերսիֆիկացման,
• նոր զբոսաշրջային փորձառությունների ստեղծման միջոցով։

Սակայն, ինչպես ընդգծում է մասնագետը, այս համադրությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պահպանվում են կայուն զարգացման սկզբունքները, իրականացվում է արդյունավետ կառավարում և ապահովվում է գիտականորեն հիմնավորված մոտեցում։