2026 թվականի հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Արտաշատի խճուղին Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհին և Հ-8 Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երթևեկության կազմակերպումն ու սահմանափակումները.
Ժամանակավոր ճանապարհ. Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհահատվածով։
Արագության սահմանափակում. Շինհրապարակին մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կնվազեցվի մինչև 30 կմ/ժ։
Անվտանգություն. Տեղում կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն ու կլուսավորվեն։
Շրջանցման ուղիները. Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում քաղաքապետարանը վարորդներին հորդորում է օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից, որոնց ուղղությունները կնշվեն ժամանակավոր ցուցանակներով։
Նոր տրանսպորտային հանգույցի կառուցումը նպատակ ունի էապես բարելավել Երևանի հարավային մուտքի երթևեկությունն ու թեթևացնել կապը Հյուսիս-Հարավ մայրուղու հետ:


