Ձմռանն ընդառաջ Հայաստանում չեն դադարում մտահոգությունները գազի հնարավոր թանկացման շուրջ։ Հայ-ռուսական բարդ քաղաքական հարաբերությունների ֆոնին տնտեսական այս հարցը արդեն մի քանի ամիս է, ինչ մնում է հանրային քննարկումների օրակարգում։ Չնայած պետական մակարդակով արված բազմաթիվ հայտարարություններին՝ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գազի գնի թանկացման ազդակներ դեռ չի տեսնում, իսկ հարցի քննարկումն այս պահին անպատեհ է համարում։
«Մտածու՞մ ենք արդյոք, եթե նման իրավիճակ լինի, ինչպես պետք է կառավարենք, այո, մտածում ենք, դա նորություն չի։ Ընդ որում, ես 2018 թվից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ»,- հայտարարել է վարչապետը։
Էլեկտրաէներգիայի ավելցուկից՝ դեֆիցիտ. ԱԲ ծրագրերն ու էներգետիկ պահանջարկը
Էներգետիկ ոլորտում մեկ այլ լուրջ մարտահրավեր է ի հայտ եկել օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված մտադրությունների հուշագրից հետո։ Հաստատված ներդրումային ծրագրերի պատճառով Հայաստանը էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետությունից դարձել է դեֆիցիտ ունեցող երկիր, քանի որ նոր նախագծերը սպառում են ամբողջ ավելցուկը։ Այժմ պետության առջև խնդիր է դրված՝ դիտարկել էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորություններն ու գեներացման նոր աղբյուրները։
Փաշինյանի խոսքով՝ այս փոփոխությունները ստիպում են վերանայել նաև նոր ատոմակայանի հզորության վերաբերյալ նախկին մոտեցումները.
«Նախկինում ես տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից բացի ոչ մի բան պետք չի, և սա է եղել մեր դիրքորոշումը։ Եվ հիմա այս փոփոխության բերումով պետք է հասկանանք, որովհետև մեծ հավանականությամբ մոդուլայինը մեզ այլևս չի հերիքելու»,- նշել է նա։
Միջազգային ներդրողներն արդեն գրություններ են ուղարկում Հայաստանի կառավարությանը՝ փորձելով պարզել, թե ինչպես է պետությունն ապահովելու արհեստական բանականության (ԱԲ) գերհզոր գործարանների համար անհրաժեշտ էներգիան։ Պետությունն այս հարցերի վերջնական պատասխանները դեռ չունի։
«Առաջիկա ամիսներին կկողմնորոշվենք։ Չի բացառվում, որ, ասենք, 1000 մեգավատանոց ատոմային կայանը ամենատրամաբանական լուծումը լինի։ Չի բացառվում, բայց չեմ կարող հիմա ասել, որովհետև հիմա փորձագիտական քննարկման տիրույթում է հարցը»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Փաշինյանը։
Տարածաշրջանային ճնշումներն ու Իրանի հետ հարաբերությունները
Հայաստանի հարևան երկրները նույնպես հայտնվել են բարդ աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակում։ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները սպառնում են անկայունություն ստեղծել ամբողջ տարածաշրջանում։
Անդրադառնալով այս խնդրին՝ Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ քանի դեռ այդ պատժամիջոցները ուղղակիորեն չեն առնչվում Հայաստանին, մեր երկիրը կշարունակի պահպանել ու զարգացնել բարեկամական հարաբերությունները Իրանի հետ։


