Մեղրի քաղաքը 2026 թվականին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք՝ համապատասխան միջպետական ծրագրի շրջանակում։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Մեղրի և Ագարակ համայնքներում։
Ծրագրի շրջանակում նախատեսված են տարվա ընթացքում մի շարք մշակութային նախաձեռնություններ։ Մայիսի 16-17-ը Մեղրիում կանցկացվի Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը՝ «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագրով։
Փառատոնը ներառում է ազգային արհեստների ցուցադրություն, վարպետաց դասեր, ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև ավանդական երգի, պարի և խոհանոցի ներկայացում։ Մասնակցություն են ունենալու շուրջ 20 վարպետ Հայաստանից և 24 մասնակից ԱՊՀ երկրներից, ինչպես նաև Վրաստանից և Իրանից։
Միջոցառումները կազմակերպվում են ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ գործընկեր կառույցների մասնակցությամբ։
Ծրագիրը նպատակ ունի ակտիվացնել համայնքային մշակութային ներուժը և խթանել միջմշակութային համագործակցությունը։
Նախատեսված նախաձեռնությունները միտված են նաև մշակութային զբոսաշրջության զարգացմանը և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը։

