ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն իր սոցիալական էջերում անդրադարձել է Հայաստանի ժողովրդավարական ընտրությանը և տնտեսական դիմակայունությանը՝ որպես խորհրդանիշ ընտրելով հայկական ծիրանը։
«Անցյալ ամիս անցկացված ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց այն կուսակցությունների օգտին, որոնք ձգտում են ԵՄ-ի հետ ավելի սերտ գործընկերության»,- նշել է եվրահանձնակատարը՝ ընդգծելով, որ հայկական մրգերը խորհրդանշում են երկրում ընթացող փոփոխությունները։
Առևտրային սահմանափակումներ և ԵՄ շուկայի բացում
Մարտա Կոսի փոխանցմամբ՝ ընտրական գործընթացների ֆոնին Ռուսաստանը փորձել է ազդել քվեարկության արդյունքների վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը սեփական շուկա։ Ի պատասխան դրան՝ Եվրոպական միությունը բացել է իր շուկան հայկական ագրոպարենային ապրանքների համար՝ աջակցելով տեղական արտադրողներին։
Կոչ եվրոպացի սպառողներին
Եվրահանձնակատարը պատմել է, որ նախորդ շաբաթ Հայաստան կատարած այցից Բրյուսել է վերադարձել հայկական ծիրանով, որի մի մասից մուրաբա է պատրաստել, իսկ մնացածը բաժանել ընկերներին։ Նա կոչ է արել եվրոպացի սպառողներին սուպերմարկետներում ընտրել հայկական արտադրության մրգեր (ծիրան, սալոր, կեռաս)։
«Սա հնարավորություն է անելու մի փոքրիկ քայլ, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել իրենց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,- եզրափակել է Մարտա Կոսը։

