Մարտի 25-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Արտերկրից փոխանցումները կազմել են 499.4 մլն դոլար

2026 թվականի հունվարին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումները կազմել են 499.4 մլն դոլար։ Դրանց 69%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ Հայաստանից արտերկիր փոխանցվել է 330.3 մլն դոլար։

Տնտեսական ակտիվությունն աճել է 7.4%-ով

2026թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.4%։ Ամենաբարձր աճը գրանցվել է շինարարությունում՝ 20.5%, ապա արդյունաբերությունում՝ 17.2%։

ՀՀ-ն վավերացրել է նոր առևտրային համաձայնագրեր

Հայաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի, ինչպես նաև Մոնղոլիայի հետ առևտրային համաձայնագրերը։ ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կգործի արտոնյալ ռեժիմ։

Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կազմել է 3.7%

2025 թվականին պետական բյուջեն կատարվել է ՀՆԱ-ի 3.7% դեֆիցիտով՝ պլանավորված մակարդակից ցածր։

ԱՄՀ-ի հետ քննարկվել են տնտեսական առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ԱՄՀ առաքելության հետ քննարկվել են տնտեսական զարգացման ծրագրերը, արտահանման ռազմավարությունը և ներդրումային քաղաքականությունը։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն հետաձգել է ռուսական նավթի արգելքը

Եվրահանձնաժողովը հետաձգել է ռուսական նավթի մշտական արգելքի առաջարկը՝ էներգետիկ շուկաների անկայունության պատճառով։

Ռուսաստանը կխստացնի ներմուծումների արժեքի վերահսկողությունը

Նոր մեխանիզմով ԵԱՏՄ ներմուծումների համար ԱԱՀ հաշվարկը կկատարվի շուկայական գների հիման վրա՝ կանխելու գների արհեստական նվազեցումը։

Գերմանիայում վառելիքը թանկացել է

Վառելիքի գները Գերմանիայում աճել են մոտ 30 ցենտով մեկ լիտրի համար՝ հասնելով գրեթե 2.5 եվրոյի։

Մոլդովայում էներգետիկ արտակարգ դրություն է հայտարարվել

Ուկրաինայում ենթակառուցվածքների վնասման պատճառով Մոլդովան 60 օրով արտակարգ դրություն է սահմանել էներգետիկ ոլորտում։