Ռուսաստանի դաշնային անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հայտարարել է մայիսի 22-ից Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ մտցնելու մասին։ Գերատեսչության հաղորդմամբ՝ արգելքը կգործի մինչև հայկական ջերմատների ստուգման ավարտն ու արդյունքների վերլուծությունը։
Ռուսական կողմի պարզաբանմամբ՝ որոշումն ընդունվել է բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով։ Ըստ հրապարակված տվյալների՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանից ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքում արձանագրվել է կարանտինային օբյեկտների հայտնաբերման 135 դեպք, ինչը կազմում է տարվա ընթացքում գրանցված նմանատիպ դեպքերի ընդհանուր թվի 77 տոկոսը։
Էկոնոմիկայի նախարարության արձագանքը և շուկայի դիվերսիֆիկացումը Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշել է, որ հայկական ժամանակակից ջերմատնային տնտեսություններում արտադրվող ծաղիկների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչը հնարավորություն է տալիս արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպական միություն և ԱՄՆ։
Նախարարի փոխանցմամբ՝ հայկական արտադրանքն արդեն իսկ վաճառվում է Նիդեռլանդների աճուրդային հարթակներում: Ներկայումս Կառավարությունը տնտեսվարողների հետ քննարկում է աջակցության մի շարք մեխանիզմներ, այդ թվում՝ տրանսպորտային ծախսերի և ԵՄ շուկայում անհրաժեշտ սորտերի հեղինակային իրավունքների (մտավոր սեփականության) ձեռքբերման ծախսերի փոխհատուցման հարցերը:
Ֆիտոսանիտարական վերահսկողության հարցերով անմիջական պատասխանատուն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է, իսկ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է գործընթացների համակարգումը:
Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները Գևորգ Պապոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պահպանում են գործընկերային բնույթը՝ հավելելով, որ տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը չի արտացոլում իրական պատկերը։

