ABNews

Հուլիսի 30-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/30 19:19

Հուլիսի 30-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ

2026 թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով

2026 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում ՏԱՑ-ն աճել է 7.7%-ով, իսկ առավել բարձր ցուցանիշներ են արձանագրվել հունվար-հունիս ամիսների կտրվածքով։ Աճի հիմնական շարժիչ ուժերն են շինարարության, ծառայությունների և արդյունաբերության ոլորտները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ագրարային ոլորտում առկա որոշակի անկման պրոցեսները պայմանավորված են առաջին հերթին կիրառվող տեխնոլոգիաներով։

Հաստատվել է Արարատի և Արմավիրի ձկնաբուծարանների աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Արարատի և Արմավիրի մարզերի իշխան, թառափ, բեղմնավորված ձկնկիթ ու խավիար արտադրող 135 տնտեսությունների աջակցության ծրագիրը: ԱԱՀ վճարող հանդիսացող այս տնտեսություններին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 2026թ. 1-ին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով (1 կգ-ի հաշվարկային արժեքը՝ 900 դրամ)։

Հայաստանը ժամանակավոր արգելք է սահմանել տոմատի մածուկի ներմուծման վրա

Հայաստանը ժամանակավորապես արգելել է տոմատի մածուկի ներմուծումը՝ տեղական հումքով արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու և լոլիկի մթերման գործընթացը կարգավորելու նպատակով։ Սահմանափակումը պայմանավորված է նաև հայկական ապրանքների արտահանման խոչընդոտների պատճառով ջերմոցային լոլիկի արտահանման ծավալների կրճատմամբ։

Ընդլայնվել է արտահանման աջակցություն ստացող ապրանքների ցանկը. հատկացվել է 1.7 մլրդ դրամ

Ջերմոցային տնտեսության առանձին ապրանքների արտահանման աջակցության ծրագրին հատկացվել է ևս 1 միլիարդ 710.9 միլիոն դրամ: Օգոստոսի փոխհատուցվող ապրանքների ցանկը համալրվել է խնձորով, տանձով, խաղողով, թզով, ազնվամորիով, մորիով, հոնով և տոմատի մածուկով։

imID համակարգը հուլիսի 31-ի գիշերը ժամանակավորապես անհասանելի կլինի

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ imID համակարգը 2026 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 1-ը՝ ժամը 09:00-ն, անհասանելի կլինի տեխնիկական և ծրագրային վերազինման աշխատանքների իրականացման պատճառով։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանը պատասխան քայլերով է սպառնացել ԱՄՆ-ին՝ ռոբոտների ներմուծման սահմանափակումների պատճառով

Չինաստանի առևտրի նախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել մարդանման ռոբոտների ներմուծման սահմանափակումները՝ սպառնալով պատասխան միջոցներով։ Ավելի վեր, ԱՄՆ Դաշնային կապի հանձնաժողովը կիբեռանվտանգության մտահոգությունների պատճառով արտասահմանյան արտադրության բարձր տեխնոլոգիական ռոբոտային սարքավորումները ներառել էր սահմանափակ ներմուծման ենթակա ապրանքների ցանկում։

FIFA-ն նախատեսում է 4.2 միլիարդ դոլարով վաճառել աշխարհի առաջնության իրավունքների 20%-ը

ՖԻՖԱ-ն ծրագրում է ստեղծել դուստր ընկերություն՝ Աշխարհի առաջնության առևտրային կառավարման համար, և դրա բաժնետոմսերի մինչև 20%-ը 4.2 մլրդ դոլարով վաճառել ներդրողներին: Նախաձեռնությունը կտրուկ քննադատության է արժանացել ՈՒԵՖԱ-ի (UEFA) կողմից, որի ներկայացուցիչները քննարկում են անգամ մրցաշարի բոյկոտի հնարավորությունը:

BMW-ն նախատեսում է կրճատել 8000 աշխատակցի

Գերմանական BMW ավտոարտադրողը կամավոր աշխատանքից ազատումների ծրագրով մինչև 2027 թվականի վերջը նախատեսում է կրճատել շուրջ 8000 աշխատատեղ (հիմնականում Գերմանիայում): Կրճատումները կվերաբերեն վարչական անձնակազմին և նոր արտադրանքի մշակմամբ զբաղվող մասնագետներին՝ շրջանցելով բուն արտադրական ստորաբաժանումները:

Boeing-ը 2-րդ եռամսյակում կրճատել է վնասը և 8%-ով ավելացրել հասույթը

Ամերիկյան Boeing Co. ընկերությունը 2026 թվականի երկրորդ եռամսյակում զուտ վնասը նախորդ տարվա 612 միլիոն դոլարից կրճատել է մինչև 428 միլիոն դոլար (կամ 0.67 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով)՝ միաժամանակ արձանագրելով հասույթի 8% աճ։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը